Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի դատարանի կայացրած դատավճիռն անհիմն է

Փետրվար 26,2026 13:00 Share

Ավելի քան 1 տարի տեւած դատավարությունից հետո փետրվարի 17-ին Բաքվի զինվորական դատարանը հրապարակել է նաեւ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործով դատավճիռը: Նա դատապարտվել է 20 տարի ժամկետով ազատազրկման (մեղադրողը պահանջել է ցմահ բանտարկություն): Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 15 հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Մինչ այդ, փետրվարի 10-ին տոկուն եւ երկաթե Ռուբենը, արգելելով իր փաստաբանի ելույթը դատարանում, հանդես է եկել Վերջին խոսքի իրավունքով, եւ ասել է. «Չեմ վախենում ոչ մի պատժից կամ որոշումից եւ պատրաստ եմ դրանք ընդունել կատարյալ հանգիստ»: Բաքվի տրիբունալը փետրվարի 5-ին հրապարակել է նաեւ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացված վերդիկտը, ըստ որի՝ ցմահ ազատազրկել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին, Բանակի հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԺ խոսնակ Դավիթ Իշխանյանին, եւ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին:

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարի ժամկետով ազատազրկման, իսկ Ղարաբաղի առաջին պատերազմի մասնակից 8 արցախցիներ ազատազրկվել են 15-20 տարով ազատազրկման:

Բաքվի զինվորական դատարանի կայացրած դատավճիռը օրինակա՞ն է, թե` ոչ

Նկատենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները, ինչպես նաեւ Ռուբեն Վարդանյանը մեղադրվել են խաղաղության եւ մարդկության դեմ ուղղված ագրեսիվ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու, ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, ահաբեկչության, պետական իշխանությունը բռնի զավթելու, ցեղասպանության եւ այլ ծանր հանցագործություններ կատարելու համար:

Ըստ էության, քրեական վարույթի մինչդատական քննության եւ դատական քննության ընթացքում կոպիտ խախտվել են մեղադրյալների իրավունքները եւ շինծու ապացույցների հիմքով կայացել է վերդիկտ: Նրանք իրենց վերագրված արարքները չեն կատարել, այլ նրանց գործողությունները ուղղված են եղել կյանքի կոչելու դեռեւս 1991 թվականի դեկտեմբերի 10-ի Արցախի էթնիկ հայ ժողովրդի հանրաքվեով, կամարտահայտությամբ, ազատ ինքնորոշման իրավունքը, ինչը համարվում է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքը (ՄԱԿ կանոնադրության 1-ին հոդված): Բաքվի դատարանը հիշյալ սկզբունքն անտեսել է, ինչպես նաեւ հաշվի չի առել ԵԱՀԿ Մինսկի ձեւաչափի ընդունած որոշումները, կամ ապացույցները: Հետեւաբար, Բաքվի դատարանի կայացրած դատավճիռն անհիմն է:

Բացի այդ, արցախցիներին մեղսագրված հանցագործությունները իրականում կատարել է ադրբեջանական կողմը, իսկ կազմակերպիչները եղել են Հեյդար Ալիեւը եւ կրտսեր Իհլամ Ալիեւը: Օրինակ, Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 90-ականներին եւ 2020 թվականի 44- օրյա պատերազմները, ինչպես նաւ 2022 թվականի Հայաստանի սուվերեն տարածքը զինված ներխուժումը, եւ տարածքի մի մասը օկուպացնելը դրանք ագրեսիվ պատերազմներ են: Իսկ 2023 թվականի ահաբեկչության դեմ օպերացիայի պատրվակով Արցախի տարածք զինված ներխուժումը եւ հայ էթնիկ ազգաբնակչությանը բռնի տեղահանելը ավարտված ցեղասպանություն է, հիշյալ արարքները ընդդատյա են Հաագայի միջազգային դատարանի քննությանը:

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին եւ մյուսներին ձերբակալելու պատճառները

Ըստ իս դրանք են.

2020 թվականի 44-օրյա պատերազմում Հայաստանին նվաստացուցիչ եւ խայտառակ պարտությունը կապիտուլյացիան է:

Գործող իշխանությունները եւ նրա պարագլուխ Ն. Փաշինյանը «փառքով հաղթանակած» Հայաստանը եւ Արցախը տարան պարտության, ըստ որում, Արցախը ցամաքային ճանապարհով անջատելով Հայաստանից, թողեցին Ադրբեջանի տարածքում` շրջափակման մեջ, իսկ ազատագրված տարածքները հանձնեցին թշնամուն:

Երկրորդ. Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի միջեւ 2022 թվականին Պրահայում կնքնված պայմանագիրն է, որով կողմերը ճանաչեցին միմյանց պետությունների տարածքային ամբողջականությունը եւ անձեռնմխելիությունը: Այսինքն, Ն. Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի տարածք (դե յուրե հանձնում): Այդ պայմանագիրը, ըստ էության, նվիրատվության գործարք է, որտեղ հայկական կողմը՝ նվիրատուն, Արցախը ճանաչում է Ադրբեջանի տարածք, կամ` հանձնում է, իսկ ադրբեջանական կողմը, կամ` նվիրառուն, որեւէ պարտավորություն չի ստանձնում:

Պրահայի պայմանագիրը խափանեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի ձեւաչափի գործունեությունը, որի քննության առարկան տարածքային եւ Արցախի էթնիկ հայ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի կամ կարգավիճակի հարցերն էին:

Տրամաբանական հարց է ծագում. ՀՀ վարչապետն առանց Արցախի ժողովրդի կամարտահայտության իրավունք ունե՞ր նրա տարածքը ճանաչելու Ադրբեջանի տարածք: Ըստ ՀՀ սահմանադրության 150- րդ հոդվածի (վարչապետի եւ կառավարության անդամների լիազորությունները), նա այդ իրավունքը չունի, այսինքն, անցել է լիազորությունները, որը քրեական հետապնդելի արարք է (ՀՀ քրօրի 441-րդ հոդված):

Բերենք մի օրինակ. Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին, ով ավելի քան հինգ տարի է՝ մարտնչում է հզոր Ռուսաստանի դեմ, այժմ էլ Ուկրաինան ծանր վիճակում է, կտրուկ մերժեց Դ. Թրամփի՝ Դոնբասը Ռուսաստանին հանձնելու ծրագիրը եւ հայտարարեց, որ Ուկրաինայի տարածքներն առքուվաճառքի առարկա չեն:

Երրորդ. ՌԴ խաղաղապահ ուժերի թողտվությամբ Ադրբեջանի կողմից 2023 թվականի հոկտեմբերի ահաբեկչության դեմ օպերացիայի պատրվակով Արցախի տարածք ռազմական ներխուժումը կամ զավթելն է: Դրանով Արցախի տարածքի հսկողությունն անցավ Ադրբեջանի յուրիսդիկցիայի ներքո եւ ուժի մեջ մտան նրա սահմանադրությունը եւ օրենքները: Ստեղծված իրավիճակում, ՀՀ իշխանությունները չեզոք կամ դիտորդի դիրք ընդունեցին: Իսկ Ն. Փաշինյանը ցուցաբերելով հանցավոր անտարբերություն՝ հայտարարեց, որ ուզոմ են Հայաստանը ներգրավեն պատերազմի մեջ: Այսինքն, ասաց. «Յոլդաշ Իլհամ Հեյդարովիչ, ինչ ուզում ես արա»։ Սա թշնամու կողմն անցնելն է եւ Արցախի բանակը օգնություն չստանալով` մեկ օրում կապիտուլյացիայի ենթարկվեց: Դիվանագետ Ալիեւը լուծարեց Արցախի պետական եւ քաղաքական համակարգերը, իսկ էթնիկ հայ ազգաբնակչությանը բռնի տեղահանեց, որի ընթացքում ուժայինները ջոկովի ձերբակալեցին Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին, Ռուբեն Վարդանյանին եւ մյուսներին:

Հետեւաբար, Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին, Ռ. Վարդանյանին եւ մյուսներին ձերբակալել են գործող իշխանությունների հանցավոր անտարբերության եւ անգործության պատճառով:

Արամ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Մոսկվա, իրավաբան

«Առավոտ» օրաթերթ
25.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728