Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ տուրուդմփոց կլինի՞

Նոյեմբեր 02,2011 00:00

Քաղաքական ուժերը լուրջ չեն վերաբերվում կադրային փոխատեղումներին

\"\"

«Ճգնաժամի խորացման պարագայում դրանք կարող են արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ ընդդիմադիր դաշտի ընդլայնման նոր հորիզոններ բացել… Իսկ որ այդ ճաքերը խորանալու են՝ բացարձակապես մի կասկածեք… Այդ հրաժարականներին շատ շուտով հետեւելու են բազմաթիվ այլ պաշտոնանկություններ, խայտառակ պաշտոնանկություններ: Բանը կարող է հասնել նույնիսկ տուրուդմփոցի, որովհետեւ արդեն սա խորտակվող իշխանություն է, իսկ խորտակվող իշխանության խնդիրը միավորներ փնտրելն է՝ հենց իրենց ներսում»,- հոկտեմբերի 28-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթում նման կարծիք հայտնեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հայ ազգային կոնգրեսում առաջնորդի արտահայտած մտքերի տեսանկյունից են դիտարկում Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկությունը եւ շրջանառվող լուրերը, որ առաջիկայում եւս 12 բարձրաստիճանների հրաժարականներ-փոխատեղումներ են սպասվում:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը երեկ «Առավոտի» հարցին՝ կարելի՞ է այս կադրային փոփոխությունները դիտարկել իբրեւ բարեփոխումներ կատարելու՝ ՀԱԿ-ի կողմից իշխանություններին ուղղված պահանջներին ընդառաջ քայլ, ասաց. «Իշխանության ներսում խնդիրներ կան, եւ համաձայն իրենց տրամաբանության՝ իրենք փորձում են մեղավորներ, քավության նոխազներ գտնել, պատժել մարդկանց՝ իբր իրենց ձախողումների համար: Մինչդեռ ձախողումները ոչ թե կադրային են, այլ համակարգային: Այս ամենը մակերեսային բաներ են, որոնք մի պահ ժողովրդի մոտ կարող են խոսակցության թեմա դառնալ, բայց ոչ ավելին»:
Բոլորովին այլ համակարգային փոփոխությունների կողմնակից՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն էլ կատարված եւ կատարվելիք կադրային փոփոխությունների շուրջ առաջացած աղմուկը չի հասկանում: Նա էլ է հակված այն կարծիքին, որ իշխանության ներսում խնդիրներ կան, եւ այս կերպ է փորձ արվում դրանք հաղթահարել: Ինչ մնում է պաշտոնյաների հասցեին հնչեցված տարբեր գնահատականներին, ընկեր Թովմասյանը նկատում է. «Լավն է, թե վատը՝ որոշողը ժողովուրդն է: Ժողովուրդն էլ իր գնահատականը տվել է: Կադրային փոփոխությունների նպատակը թազբեհի սկզբունքով չպետք է լինի՝ ինչ-որ մեկը նստած որոշի եւ վերեւ քաշի: Նոր, թարմ ուժեր են պետք»:
«Սարդարապատ» նախաձեռնության անդամ Գարեգին Չուքասզյանը բացարձակ կարեւորություն չի տալիս այդ ամենին, քանզի նա էլ «ներիշխանական պայքարի արդյունք» է որակում տեղի ունեցողը: Ինչ մնում է այն հարցին, թե այս ամենի արդյունքում կոալիցիայի ներկայացուցիչ ուժերից որեւէ մեկը «ընդդիմություն» կդառնա՞, մեր զրուցակիցը նկատեց. «Կարծում եմ, որ Հայաստանում ընդդիմությունը չի առաջանա այնտեղ, որտեղ սպասվում է: «Քաղաքական դաշտ» կոչվածն ինքը շատ հեռու է իրական քաղաքական դաշտ լինելուց: Ադմինիստրացիա է, որի ներսում փոխատեղումներ կլինեն»: Պարոն Չուքասզյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն մտքին, որ շարժման հետագա պայքարի տարբերակներից մեկն էլ հերթական խորհրդարանական ընտրություններին պատրաստվելն է: «Այդ դեպքում հասկանալի չէ, թե իրենք ինչո՞վ են տարբերվում այն մնացած ուժերից, որոնք այդ ընտրություններին մասնակցելու են: Ո՞րն է ՀԱԿ-ի որակական տարբերությունը»:
Ի դեպ, «Առավոտի» նույն հարցին «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այսպես արձագանքեց. «Տեր-Պետրոսյանն ասաց նաեւ, որ ուզում են գնալ այդ ընտրություններին, որպեսզի հասնեն Սերժ Սարգսյանի հրաժարականին. ես կարծում եմ, որ վատ օրակարգ չի գտնվել՝ բացատրելու համար, թե ինչո՞ւ է Կոնգրեսը գնում հերթական ընտրությունների: Էդպես էլ լինելու էր: Իսկ ի՞նչ էինք մենք սպասում: 2011-ի մարտին, երբ կարելի էր բավականաչափ լուրջ գործընթաց տանել, Կոնգրեսի ղեկավարությունը, մասնավորաբար՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասաց, որ իրենք հեղափոխական չեն, ցնցումների չեն գնալու, շարժումը տանելու են այլ ճանապարհով: Այն ժամանակ արդեն պարզ էր, որ ՀԱԿ-ը գնալու է հերթական ընտրությունների, եւ այդպես էլ եղավ: Շատ նորմալ, հասկանալի գործընթաց է»: Իսկ կադրային այս տեղաշարժերը, ըստ ՆԺԿ նախագահի, նպատակաուղղված են ռեսուրսների մեկտեղմանը. «Ընտրություններից մի քանի ամիս առաջ փոխատեղմամբ նշանակվող մարդիկ պարտական են նշանակողին, եւ իրենց առաջ, հասկանալի է, այլ խնդիրներ են դրվում: Հնարավոր են նաեւ PR փոխատեղումներ, որ իշխանությունները իբր դրական մթնոլորտ են փորձում ապահովել, բայց բոլորին էլ հասկանալի է, որ այդ կերպ դժվար թե ինչ-որ բան փոխվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել