
Երեկ Շիրակի մարզի մի քանի դպրոցներում դպրոցի տնօրենի ընտրություններ էին. եթե Մարալիկի թիվ 2 դպրոցում միմյանց հետ թեժ պայքարի էին մտել երկու հանրապետական տիկնայք՝ նախկին ու ներկա տնօրեններ Անյուտա Հովհաննիսյանն ու Ռոզա Գեւորգյանը, ովքեր բանակների էին բաժանել կոլեկտիվին, ապա Գյումրու կենտրոնում՝ դատախազության հարեւանությամբ գտնվող թիվ 9 դպրոցում գերեզմանային անդորր էր: 
Կառավարման խորհրդի նախագահի հավատացնելով՝ իրենք ավելի ուրախ կլինեին, եթե մեկի փոխարեն մի քանի հավակնորդներ լինեին, այդ դեպքում թեկնածուները ավելի լավ կպատրաստվեին, ավելի շատ ծրագրեր կներկայացնեին: Կառավարման խորհրդի նախագահը բացառում է տարածված այն լուրերը, թե մյուս հավակնորդներին մարզպետարանի դռնից քաղաքավարի «ճամփու են դրել»: Նորայր Գրիգորյանը նաեւ հիշեցնում է, որ կառավարության որոշումը, որով սահմանվում է դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցակցությունը, չի պարտադրում մեկից ավելի հավակնորդներ: «Որոշ դեպքերում, ես նկատի ունեմ այլ տիպի մրցույթներում, օրինակ՝ հողերը երբ աճուրդով վարձակալության են տրվում՝ պարտադիր է մեկից ավելի հավակնորդի առկայությունը: Քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթներում մի դիմումը եւս բավարար է, որ անցկացվի մրցույթը»,- ասաց կառավարման խորհրդի նախագահը:
Նկատենք, որ վերջերս փոփոխություններ կատարվեցին նաեւ «Ընտրական օրենսգրքում», այսուհետ որեւէ մեկը չի կարող համայնքապետի պաշտոնին հավակնել, եթե չունենա մրցակից: Այդուհանդերձ, փաստերը ցույց են տալիս, որ Շիրակի մարզում ինչպես համայնքապետերը, այնպես էլ դպրոցի տնօրենները կառչած են իրենց աթոռներից, արյան գնով անգամ չեն զիջում, իսկ մրցակից ունենալու միակ դրական կողմը թերեւս այն է, որ հակառակորդը բացահայտում է դիմացինի հովանավորյալներին: Օրինակ՝ Մարալիկի թիվ 2 դպրոցի նախկին տնօրեն Անյուտա Հովհաննիսյանին թեեւ չհաջողվեց հետ ստանալ իր հին աթոռը, այդուհանդերձ նա բացահայտեց նախապես գրված սցենարը. այն, որ մարզային իշխանություններն ամեն կերպ սատարում էին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոզա Գեւորգյանին՝ միգուցե ավելի նվիրված հանրապետական երեւալու համար:
Կարդացեք նաև
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































