Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակում դպրոցի տնօրենները եւս հավիտենական են

Նոյեմբեր 12,2011 14:08

Երեկ անցկացված երկու մրցույթներում էլ հաղթեցին հին տնօրենները

Երեկ Շիրակի մարզի մի քանի դպրոցներում դպրոցի տնօրենի ընտրություններ էին. եթե Մարալիկի թիվ 2 դպրոցում միմյանց հետ թեժ պայքարի էին մտել երկու հանրապետական տիկնայք՝ նախկին ու ներկա տնօրեններ Անյուտա Հովհաննիսյանն ու Ռոզա Գեւորգյանը, ովքեր բանակների էին բաժանել կոլեկտիվին, ապա Գյումրու կենտրոնում՝ դատախազության հարեւանությամբ գտնվող թիվ 9 դպրոցում գերեզմանային անդորր էր: Այստեղ մրցակցություն էր առանց մրցակցի. մեն ու միակ թեկնածուն դպրոցի 10 տարվա տնօրեն Անահիտ Մովսիսյանն էր՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Հովիկ Հարությունյանի այրին: Մրցույթը դեռ չսկսած՝ մեր օրաթերթը ահազանգ ստացավ այն մասին, որ տիկինը «մարզպետարանի մարդն է», եւ այնտեղից ամեն ինչ արել են «կողմնակի» մարդկանց թեկնածությունն արգելելու համար: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար, դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Նորայր Գրիգորյանից պարզաբանումներ խնդրեցինք այս թեմայի շուրջ: Մի՞թե տիկինն այնքան կառչած է իր աթոռից, որ մյուսները անիմաստ են համարում իրենց թեկնածությունն առաջադրելը: Մեր այս հարցին մարզպետարանի պաշտոնյան ասաց. «Իմ կարծիքով՝ հավակնորդների թվի քիչ լինելը պայմանավորված է այն հանգամանքով, որ մարզում քչերը կան, ովքեր ունեն հավաստագրեր: Դուք ինքներդ գիտեք, որ հավաստագրման գործընթացը սկսվել է այս տարի, եւ իմ ունեցած տվյալներով՝ հավաստագրեր ունեցողների թիվը անհամեմատ ավելի քիչ է, քան մեր թափուր տնօրենների պաշտոնները: Այդ իսկ պատճառով էլ դիմորդները քիչ են: Բացի այդ, սա մի փորձություն է, եւ ամեն ոք  չի գնա փորձության՝ գնալ հավաստագիր ստանալ, գալ այստեղ: Շատերն ասում են՝ մեր հասուն տարիքին ես պիտի դառնամ աշակե՞րտ, նորից քննություն պիտի տա՞մ»:

Կառավարման խորհրդի նախագահի հավատացնելով՝ իրենք ավելի ուրախ կլինեին, եթե մեկի փոխարեն մի քանի հավակնորդներ լինեին, այդ դեպքում թեկնածուները ավելի լավ կպատրաստվեին, ավելի շատ ծրագրեր կներկայացնեին: Կառավարման խորհրդի նախագահը բացառում է  տարածված այն լուրերը, թե մյուս հավակնորդներին մարզպետարանի դռնից քաղաքավարի «ճամփու են դրել»: Նորայր Գրիգորյանը նաեւ հիշեցնում է, որ կառավարության որոշումը, որով սահմանվում է դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցակցությունը, չի պարտադրում մեկից ավելի հավակնորդներ: «Որոշ դեպքերում, ես նկատի ունեմ այլ տիպի մրցույթներում, օրինակ՝ հողերը երբ աճուրդով վարձակալության են տրվում՝ պարտադիր է մեկից ավելի հավակնորդի առկայությունը: Քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթներում մի դիմումը եւս բավարար է, որ անցկացվի մրցույթը»,- ասաց կառավարման խորհրդի նախագահը:

Նկատենք, որ վերջերս փոփոխություններ կատարվեցին նաեւ «Ընտրական օրենսգրքում», այսուհետ որեւէ մեկը չի կարող համայնքապետի պաշտոնին հավակնել, եթե չունենա մրցակից: Այդուհանդերձ, փաստերը ցույց են տալիս, որ Շիրակի մարզում ինչպես համայնքապետերը, այնպես էլ դպրոցի տնօրենները կառչած են իրենց աթոռներից, արյան գնով անգամ չեն զիջում, իսկ մրցակից ունենալու միակ դրական կողմը թերեւս այն է, որ հակառակորդը բացահայտում է  դիմացինի հովանավորյալներին: Օրինակ՝ Մարալիկի թիվ 2 դպրոցի նախկին տնօրեն Անյուտա Հովհաննիսյանին թեեւ չհաջողվեց հետ ստանալ իր հին աթոռը, այդուհանդերձ նա բացահայտեց նախապես գրված սցենարը. այն, որ մարզային իշխանություններն ամեն կերպ սատարում էին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոզա Գեւորգյանին՝ միգուցե ավելի նվիրված  հանրապետական երեւալու համար:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930