Լրահոս
Օրվա լրահոսը

Անթառանյանի «Անառակ դստեր վերադարձը»

Նոյեմբեր 15,2011 13:27

Ինքնակենսագրական դրամա՝ Մայր թատրոնի բեմում

Հայ թատերական արվեստի երախտավոր Գուրգեն Ջանիբեկյանի անվան «Գուրջան» թատրոն-հիմնադրամը օրերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկայացրեց Լիանա Անթառանյանի «Անառակ դստեր վերադարձը» ինքնակենսագրական դրաման: Ըստ էության, սա անցյալ տարի հիշյալ հեղինակի «Սարերում էլ կյանք կա» երկի շարունակությունն է: Ներկայացման բովանդակության առանցքը Հայաստանի անկախության օրերի կենսական ապրումներն են՝ իրենց բարդություններով, նվաճումներով, ուրախություններով ու դառնություններով: Դրամայի հերոսուհին, ում մարմնավորում է երիտասարդ դերասանուհի Ռուզան Հախնազարյանը, հանդիսատեսին է ներկայանում որպես Մոսկվայում հանգրվանած երիտասարդ արտիստուհի, ով որոշում է կայացնում ամեն գնով, նույնիսկ ընտանեկան ու հասարակական արգելքները շրջանցելով, վերադառնալ Հայաստան: Ընդհանուր առմամբ, ներկայացումը հաջողված աշխատանք է (բեմադրիչ՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արտաշես Հովհաննիսյան), թեեւ ենթատեքստում Լ. Անթառանյանի կանացի ստեղծագործական կերպն է՝ իր նրբություններով ու նաեւ հիստերիայով: Մոսկվայում թվացյալ բարեկեցիկ կյանքով ապրող դերասանուհին շուրջ 18 տարի ծանր աշխատանք է կատարում. ձեռքերը այրելով կարկանդակ է եփում ու վաճառում, քաղքենի ամուսնուն էլ հայտարարում է, որ եթե ինքը որոշում է կայացրել վերադառնալ հայրենիք, այդպես էլ պետք է լինի: Կնոջ եւ տղամարդու իրավահավասարության խնդիրը բոլոր ժամանակներում միշտ էլ վիճելի է: Պիեսում, որտեղ հիմնավորումները կարծես ավելի շատ տեղիք են տալիս հիստերիայի, հերոսուհին երբեմն առանց հիմնավորելու հայտարարում է՝ գնում եմ ու վերջ: Նշենք, որ նրան բարոյապես սատարում է իր մահկանացուն կնքած հայրը (դերակատար՝ Կարեն Ջանիբեկյան), ում հորդորները կողմնորոշում են դստերը՝ բարդ որոշումներ կայացնելու ճանապարհին:

«Առավոտի» հետ զրույցում հեղինակը՝ Լիանա Անթառանյանն ասաց. «Ինձ համար սեռային տարբերություն չկա, գոյություն ունի մարդ հասկացությունը: Հորս օրինակով ընդունել-հարգել եմ արական սեռը: Ամեն դեպքում, եթե ուսումնասիրենք պատմությունը՝ գալով մինչեւ մեր օրեր, առաջադեմը, այնուամենայնիվ, տղամարդն է: Իմ կապրիզը, ինչպես դուք որակեցիք՝ հիստերիա, այդպես չէ: 90-ականներին, երբ տղա զավակներին ամեն գնով փախցնում էին արտերկիր, ինչ է թե՝ չգնա ու չպաշտպանի Ղարաբաղը, հերոսուհիս, սակայն, տեսնելով, որ այլեւս չի կարող ամուսնուն համոզել կամ հասկացնել, վերադառնում է հայրենիք որդու հետ՝ բաժանվելով ամուսնուց: Ավելին՝ հերոսուհիս այդ քայլով հարազատ զավակին նվիրում է հայրենիքին…»: Իրականությանը մոտ կերպարներ են մարմնավորում հերոսուհու քույրերի եւ մոր դերակատարները (Վեներա Թարզյան, Հասմիկ Եղիազարյան եւ Ժենյա Մկրտումյան): Ծանոթ կերպար է ներկայացնում նաեւ հերոսուհու քրոջ ամուսնու դերակատար Գագիկ Մխիթարյանը: Դերասանական կատարման վարպետության առումով բարձրակարգ աշխատանք է հերոսուհու ամուսնու մորը մարմնավորած Գայանե Մկրտչյանի խաղը: Հաջողված էր նկարիչ Վոլոդյա Անանյանի եւ երաժշտական ձեւավորող Մհեր Հովհաննիսյանի կատարած գործը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930