Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ արքեպիսկոպոս Աթեշյան.«Ես Թուրքիայի վարչապետին ասել եմ, որ երկրի մեջ դեռ 100 հազար հայեր կան, որոնք քաջություն չունեն հայտարարելու, որ իրենք հայ են»

Նոյեմբեր 19,2011 10:05

«Հայոց աշխարհը» տպագրել է հարցազրույց Կ.Պոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ ԱՐԱՄ արքեպիսկոպոս ԱԹԵՇՅԱՆԻ հետ:

Խոսելով մահմեդականացած հայերի մասին` արքեպիսկոպոս Աթեշյանն ասել է. «Դիարբեքիրի եկեղեցու օծումը առիթ դարձավ, որ 8 հոգի մկրտվեր, հայեր, որոնք մինչ այդ իրենց անձնաթղթում իսլամ էին գրված։ Այժմ նրանք քրիստոնյա են գրվում եւ մկրտվելով դարձել են Հայ Եկեղեցու անդամ։ Բայց տակավին նրանց ընտանիքների մյուս անդամների պարագան կա, որոնց եւս աշխատում եմ համոզել։ Տիգրանակերտում մոտավորապես այդպիսի 60 ընտանիք կա։ Նրանց մեկ առ մեկ փորձում եմ համոզել, որպեսզի հետ գան իրենց եկեղեցի, որպեսզի առանց քաշվելու, առանց վախի հայտարարեն, որ իրենք հայ են» ։

Ապա ավելացրել է.«Գավառը եւ Պոլիսը նույնը չեն։ Պոլսում ավելի զարգացած սերունդ է ապրում։ Անկարայի կամ Իզմիրի պես ժամանակակից քաղաքներում եւս երիտասարդությունն ավելի զարգացած է։ Բայց գավառներում տակավին փոքր-ինչ հետադիմություն կա, փոքր-ինչ ավելի ատելություն կա քրիստոնյայի, մանավանդ՝ հայի հանդեպ։  Ճիշտ է, որ քրդերը վերջին տարիներին զղջում եւ ինչ-որ կերպ ներողություն են խնդրում իրենց ծնողների կատարածի համար։ Բայց եւ այնպես՝ անգիտակից մարդիկ էլ շատ են։ Վախ կա, որ մարդիկ կկորցնեն իրենց աշխատանքը, քանի որ երկար տարիներ հայերին արգելված էր աշխատել պետական հաստատություններում, օրինակ՝ քաղաքապետարանում, դպրոցներում եւ այլն։ Հատկապես չէին կարող ոստիկան, բարձրաստիճան զինվորական դառնալ։ Արգելված էր։    Բայց ներկա կառավարության շրջանում այս մարդկանց ոչ միայն իրավունք տրվեց պաշտոններ ստանձնել պետական հիմնարկներում, այլեւ հանրապետության մեջ սկսեցին վիճաբանել Ցեղասպանության հարցի շուրջ։ Մեծ փոփոխություն կա երկրում, եւ այս պատճառով է, որ հիմա կրոնափոխ հայերը մի փոքր քաջություն են ստանում եւ վերարթնացում ապրում։ Հիմա շատերն են գալիս Պոլսո պատրիարքարան եւ հայտարարում, թե ուզում են հայ դառնալ։    Բոլորին չէ, որ միանգամից ընդունում ենք։ Պետք է համոզվել, որ նրանց արմատներն իսկապես հայկական են։ Այսօր գավառներում տակավին շատերը խաչակնքում են, ոմանք տակավին գաղտնի կերպով խաչ են կրում, Տիգրանակերտի բարբառով մի քանի բառ են ասում։ Այսպես հայտնի են դարձնում, որ իրենք հայ են։ Անշուշտ, այս ամենը մեզ ուրախացնում է» ։

Խոսելով մահմեդականացած հայերի քանակի մասին, արքեպիսկոպոսն ասել է.«1915-ին կրոնափոխ եղածների 3-րդ, 4-րդ սերունդն է արդեն։ Նրանց հետ կապված հույսեր չունեմ։ Բայց այն սերունդը, որոնց ծնողներն ուղղակի հայ էին, հայերեն էին խոսում, գաղտնի կերպով խաչ էին անում եւ կամ խաչ կրում, նրանց թիվը 100 հազարից ավելի է։ Այսօր մենք Թուրքիայի մեջ պաշտոնապես 70 հազար ենք։ Այս թվին առավելաբար պետք է ավելացնել եւս 100 հազար։    Եվ ես Թուրքիայի վարչապետին ասել եմ, որ երկրի մեջ դեռ 100 հազար հայեր կան, որոնք քաջություն չունեն հայտարարելու, որ իրենք հայ են։ Եվ վարչապետն էլ հեռուստատեսությամբ հայտարարել է, որ ինչ անուն էլ տաք՝ նրանք հայ են» ։

Անդրադարձ է եղել նաեւ եկեղեցակապատկան տարածքներին: Այս մասին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ասել է.

«Պատրիարքարանն ինքնին կալվածք ունենալու իրավունք չունի։ Բայց բռնագրավված կալվածքները բոլորն էլ մեր եկեղեցիներին են պատկանում։ «Վագֆ» ասվածը մեր եկեղեցիներն են, որոնք կալվածք ունենալու իրավունք ունեն։ Ժամանակին այդ ամենը նրանց ձեռքից վերցվել է։
Մի քանի ամիս առաջ վարչապետը հայտարարեց, որ կա 1936 թվականին արձանագրված կալվածքների ցանկը եւ այդ ցանկերում ինչ արձանագրված է, պիտի աշխատեն հետ տալ։ Մեկ տարի ժամանակ է տրված։ Այդ մեկ տարվա մեջ, երբ էլ դիմեն, 80 օրվա ընթացքում գույքը պիտի վերադարձվի։ Հիմա ինչ փաստաթուղթ էլ գտնենք՝ փոքր կամ մեծ, խնդիր չէ, կդիմենք եւ կպահանջենք։ Մեկ քառակուսի մետր էլ լինի, 10 հազար քառակուսի մետր էլ՝ մեզ համար կարեւոր է։
Մենք այնքան էլ շատ փաստաթղթեր չունենք։ Բայց ցանկը կառավարության մոտ կա։ Այդ ամենը համեմատելով, եթե նույնիսկ փաստաթուղթ էլ չունենանք, բավարար է, որ թաղային խորհուրդը պաշտոնական դիմում ներկայացնի։ Մինչ այսօր 50-60 միավոր վերադարձված է եւ դեռ մեկ տարվա ընթացքում այդ թիվը հարյուրավոր պիտի դառնա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930