
Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ հայ-դանիական պատմական առնչություններին, Հայոց ցեղասպանության տարիներին դանիացի միսիոներների կողմից հայ գաղթականների եւ որբերի հանդեպ ցուցաբերած մարդասիրությանը, 1988 թ. երկրաշարժից հետո Հայաստանին Դանիայի կողմից ցուցաբերած օգնությանը, ինչպես նաեւ անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանն ուղղված աջակցությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահություն հայտնեց, որ դեսպանությունն իր լուրջ ներդրումը կունենա բարեկամ Դանիայի հետ համակողմանի հարաբերությունների խորացման գործում: ՀՀ դեսպանության բացման արարողությանը ելույթ ունեցավ նաեւ Դանիայի Եվրոպական հարցերով նախարար Նիկոլայ Վամենը: Իր խոսքում նախարար Վամենը նշեց, որ սա յուրահատուկ օր է, քանի որ դեսպանություններ ամեն օր չեն բացվում, իսկ վերջին անգամ Կոպենհագենում նման իրադարձություն տեղի էր ունեցել 2007թ.: Նա բարձր գնահատեց Դանիայում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների որոշումը: Նիկոլայ Վամենն եւս իր խոսքում անդրադարձավ հայ-դանիական պատմական կապերին, դանիացի միսիոներների մարդասիրական գործունեությանը, գոհունակություն հայտնեց այսօր ակտիվորեն զարգացող Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները լուրջ զարգացում կապրեն:




















































