
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ մաթեմատիկա առարկայի շտեմարանների առաջին մասը պատրաստ կլինի առաջիկա շաբաթվա ընթացքում, իսկ հայոց լեզու եւ գրականություն առարկայինը՝ մինչեւ դեկտեմբերի վերջ: Նա նշեց, որ վարչապետի մոտ ունեցած խորհրդակցության ժամանակ որոշվել է ընդունելության քննությունները հեշտացնել ու հնարավորինս կանխատեսելի դարձնել: Դրանից հետո որոշել են շտեմարաններ հրատարակել, որոնց հիման վրա էլ կկազմվեն քննական թեստերը: Ամենաաղմկահարույց՝ հայոց լեզու եւ գրականություն առարկայի շտեմարանները վերջնական տեսքի բերելուց առաջ ԳԹԿ-ն խորհրդակցել է ոլորտի մասնագետների հետ, նույնը նաեւ մաթեմատիկա առարկայի պարագայում: Պատրաստ են նաեւ բոլոր առարկաների գծով ուղեցույցները, որոնք առաջիկայում անվճար կտրամադրվեն բոլոր դպրոցներին: Ինչ վերաբերում է շտեմարաններին, դրանք կվաճառվեն որոշ գրախանութներում, մնում է, որ կառավարությունը որոշի գինը: ԳԹԿ տնօրենը նշեց, որ ամենայն հավանականությամբ մեծ թվաքանակ ունեցող թեստերը դարձյալ Լոնդոնում կտպագրվեն. «Կոռուպցիոն ռիսկը միշտ էլ կա, պետք չէ շտապել»: Գ. Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս լուծվեց հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի՝ շրջանառության մեջ դրված, այսպես ասած, կեղծ շտեմարանի ճակատագիրը, որի մասին ԳԹԿ-ն ահազանգել էր «Առավոտին», իրավապահ մարմիններին: «Հենց տեղեկացանք, մեր աշխատակիցներին ուղարկեցինք մարզեր, այդ «Շտեմարանը» վերցրին, բերեցին: Մենք հայտարարեցինք, որ դա այն շտեմարանը չէ, որ ԳԹԿ-ն է ստեղծել: Նմանակումը չափից դուրս շատ էր ու շփոթության մեջ էր գցում դիմորդներին, դրա համար դիմեցինք նաեւ համապատասխան մարմիններին: Արդյունքում՝ կասեցվել է այդ շտեմարանների տպագրությունը, կարծեմ թե վերնագիրն էլ դարձրել են թեստերի ժողովածու եւ ոչ թե շտեմարան»,- հայտնեց նա:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































