
Ե՛վ Արտակ Զաքարյանը, ե՛ւ Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը ժամանակավրեպ համարեցին խոսել Եվրասիական միության վերաբերյալ Հայաստանի կամ իրենց կուսակցությունների դիրքորոշման մասին՝ ասելով, թե այդ հարցն այսօր օրակարգային չէ: Ավելին, ՀՀԿ ներկայացուցիչը պարզաբանեց, թե այդ միությունը սկսելու է գործնականում ձեւավորվել միայն 2015թ.-ից եւ հիմա խոսել ապագայի մասին՝ վաղ է: Այդուհանդերձ, նա արձանագրեց, որ ԱՊՀ երկրների մաքսային միությանը, որն, ի դեպ, Եվրասիական միության ստեղծման հիմնասյուներից մեկն է, Հայաստանի միանալու մասին խոսք լինել չի էլ կարող, առավել եւս, որ մենք այդ միության անդամ երկրներից եւ ոչ մեկի հետ չունենք ընդհանուր սահման:
Կիրո Մանոյանի համոզմամբ էլ տակավին շատ շուտ է խոսել դրա մասին, բայցեւ «այն գործընթացները, որոնք մենք սկսել ենք ԵՄ-ի հետ՝ պետք է շարունակենք նաեւ տնտեսական հարաբերությունների առումով: Իսկ Եվրասիական միություն կոչվածը նախ պետք է ձեւ, մարմին ստանա, վերջը մենք կորոշենք՝ արժե՞, թե՞ չարժե միանալ դրան: Բայց հիմա, կարծեմ, մեր առաջ վաղաժամ դրված օրակարգ է, որը մեր օրակարգը չէ. ուրիշն է դրել, պետք է իրենք էլ որոշեն»:
«Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանի մոտեցումն այս հարցում մի քիչ այլ էր: Նրա կարծիքով, անկախ այն բանից, թե այդ հարցն այսօր օրակարգո՞ւմ է, թե՞ ոչ պետք է այդ հարցի առնչությամբ ձեւակերպել հստակ դիրքորոշում :


















































