
Տեղում ստեղծվեց յոթ հոգանոց ակտիվ աշխատանքային խումբ, որն այսուհետեւ պետք է զբաղվի հետագա աշխատանքների կազմակերպմամբ: Հնչեց առաջարկ՝ ավտոբուսներով ու մեքենաներով բոլորով միասին մեկնել Լեռնաձոր գյուղ, որը ուրանի ծրագրի կենտրոնն է եւ որտեղ կկազմակերպվի բողոքի ակցիա: Հակաուրանյան շարժման հետագա քայլերը կհստակեցվեն առաջիկայում: «Անցած տարի կառավարությանն ուղղված մեր նամակին ի պատասխան՝ նշվել էր, որ ուրանի բավարար պաշարներ չեն հայտնաբերվել, ուստի երկրաբանահետախուզական աշխատանքները դադարեցվում են, իսկ հետագայում այդ աշխատանքները վերսկսվելու դեպքում դրանք կարվեն բնակավայրերից բավականին հեռու ու անվտանգ տեղում: Սակայն այսօր «ԱԲՎԱՆ» ՍՊԸ-ն երկրաբանական ուսումնասիրությունները տեխնիկայի օգնությամբ իրականացնում է Լեռնաձորի Փուխրուտ տարածքում: ՍՊԸ-ի ղեկավարությունը նշում է, որ այդ աշխատանքները լրիվ անվտանգ են, իսկ մենք մեր նախաձեռնությամբ խոչընդոտում ենք նրանց աշխատանքին: Ընկերությունից ասել են նաեւ, որ ուրանի բավարար պաշար հայտնաբերելու դեպքում բնական է, որ ուրանի հանքաքարի արդյունահանման աշխատանքներ սկսվեն», – նշեցին հանդիպման կազմակերպիչները:
Ի դեպ, «ԱԲՎԱՆ» ՍՊԸ տնօրեն Յուրա Գեւորգյանը «Առավոտի» հետ զրույցում նշել էր, որ այս տարվա համար նախատեսված աշխատանքները կտեւեն ընդամենը մեկ ամիս , բայց արդեն մոտ 2 ամիս է՝ երկրաբանական աշխատանքներն այնտեղ շարունակվում են: Լեռնաձորի գյուղապետ Ստեփան Պետրոսյանը գյուղացիների անունից հավաստիացրեց, որ իրենք միանշանակ դեմ են ուրանի ծրագրին եւ ամեն հարցում կաջակցեն բողոքի ակցիային ու կլինեն հակաուրանյան շարժման առաջին շարքերում: Ուսանողներն առաջարկեցին կազմակերպել մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին ուրանի վնասակար ազդեցությանը վերաբերող ուսուցողական սեմինարներ, որոնք էլ ավելի կխթանեն ուսանողներին՝ ակտիվորեն մասնակցելու սկսված պայքարին:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ


















































