
Ինչ վերաբերում է մասնավորապես Սամվել Նիկոյանի թեկնածության առաջադրման փաստին, ապա Ստեփան Սաֆարյանն այս առնչությամբ իր անձնական կարծիքը հայտնեց. «Չեմ կարծում, որ նա, հատկապես վերջին արտահերթ նիստում իր դրսեւորած կեցվածքից հետո ( խոսքը ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի կողմից եւ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հասցեին ուղղված վիրավորանքն ու արդյունքում ծագած լեզվակռիվը չկանխելու մասին է-խմբ.), կարող է իրականացնել այդ առաքելությունը»:
Պատգամավորի դիտարկմամբ, ՀՀԿ-ն այլեւս չի կարող հանդուրժել իր ներքին հակակշռումները. «Ես այդ մասին ասել եմ դեռ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո: Ակնհայտորեն իշխանական ինչ-որ մի մակարդակում քննարկվել է, որ կառավարության վատ գործունեությունն ու դրա խոչընդոտներից մեկը եղել է մինչ այս ԱԺ կողմից կառավարության ներկայացրած օրինագծերին ժամանակ առ ժամանակ ցույց տրված դիմադրությունը: Հիմա Սամվել Նիկոյանը փորձելու է ցանկացած գնով եւ կայծակնային արագությամբ, դրա համար լակմուսի թուղթ դարձավ արտահերթ նստաշրջանը, վավերացնել կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերը: Այսինքն, նրա առաքելությունը առաջիկա 6 ամիսների ընթացքում հե՛նց դա էլ լինելու է»:


















































