

Այս տարի Գյումրի չէին եկել նաև ո’չ ընդդիմադիր, ո’չ էլ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչները, իսկ որ ամենազարմանալին է` ԱԺ պատգամավորներից միակը, ով ճիշտ ժամին ներկայացել էր, հանրապետական Սուքիաս Ավետիսյանն էր: Մի խոսքով, այնպիսի տպավորություն էր, որ Գյումրին այլևս սգո քաղաք չէ ու չարժե հարգել զոհերի հիշատակը: Շիրակի մարզպետարանի աշխատակիցներից ոմանք սակավամարդությունը բացատրում էին նախագահ Սերժ Սարգսյանի բացակայությամբ, քանի որ նա չի ժամանել, ուրեմն իրենք անելիք չունեն աղետի գոտում: Մինչդեռ, գյումրեցիների կարծիքով, հենց այս օրն է, որ կառավարությունը պարտավորվում է հաշվետվություն ներկայացնել իրենց 23 տարի շարունակ ավերակ մնացած քաղաքի վերակառուցման հարցով:
Միջոցառումներն այսօր տեղափոխվեցին Ամասիա, որտեղ ՀՀ սոցիալական հիմնադրամի ու սփյուռքահայ բարերար Օսեփ Սարաֆյանի ֆինանսավորմամբ վերանորգվեց ու բացվեց մանկապարտեզի շենքը, ինչպես նաև Ամասիայի հիվանդանոցը: Առողջապահության նախարարի ասելով, ստեղծվեց կոմպակտ, ժամանակակից առողջության կենտրոն` բոլոր անհրաժեշտ սարքավորումներով ու բավականին հաջողված կադրերով: Ըստ նախարարի, առողջության կենտրոնը վերանորոգելիս, բնականաբար հաշվի են առել այն, որ Ամասիայի ճանապարհները ձմռանը փակ են, և տարածաշրջան մոտ 9000 բնակչությունը անհրաժեշտության դեպքում չի կարող Գյումրի հասնել: Սոցիալական ներդրումների հիմնադրամի ղեկավար Աշոտ Կիրակոսյանի փաստելով էլ, ամեն մի կառույցը մոտ 95 մլն. դրամ է նստել: Ի դեպ, այս անգամ վարչապետն էլ խուսափեց շփվել լրագրողների հետ, նույնիսկ երկրաշարժի զոհերին չցավակցեց, այլ նորակառույցների ժապավենները կտրելուն պես հեռացավ:
Նունե ԱՐԵՎՇՎԱՏՅԱՆ


















































