
Ֆեդերացիայի նախագահը հատուկ նշեց, որ տարվա բոլոր կարեւորագույն մրցումների նախապատրաստության ամբողջ ընթացքում ծանրորդները ոչ մի հարցում խնդիր չեն ունեցել ու դրա համար հատուկ շնորհակալություն հայտնեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Խոսելով Փարիզում կայացած աշխարհի առաջնության մասին` Սամվել Խաչատրյանն ասաց. «Ֆեդերացիան ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ ամեն բան արել էր լավ հանդես գալու համար: Սակայն ծանրորդները վատ մասնակցեցին»: Հարցին, թե նման դեպքերում մեղավորությունը մարզիչների՞նն է, թե՞ մարզիկինը, ֆեդերացիայի նախագահը պարզաբանեց. «Մարզիչն իր սանին խորհուրդ է տալիս, թե նա ի՞նչ քաշից սկսի մրցելույթը: Սակայն կիլոգրամների վերջնական պատվերը տալիս է ինքը` ծանրորդը: Մասնավորապես, Փարիզում Մելինե Դալուզյանը մրցահարթակի ետեւի մարզումային դահլիճում պոկում վարժության 113 կգ-ն շատ թեթեւ էր բարձրացնում: Բայց երբ նա առաջին մոտեցման համար պահանջեց 116 կգ, ոչ ես, ոչ էլ հավաքականի մարզիչը նրան չկարողացանք համոզել` ապահովագրվելու համար սկսել գոնե 114 կգ-ից: Արդյունքը ինքներդ տեսաք: Չնայած աշխարհի առաջնության անհաջողություններին, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Լոնդոնի օլիմպիական խաղերի վեց ուղեգիր նվաճեց (4-ը` տղամարդկանց, 2-ը` կանանց), ինչը, կարծում եմ, այնքան էլ վատ չէ»:
Սամվել Խաչատրյանը, սակայն, լավատեսորեն է նայում Օլիմպիական խաղերին: Նա հավատացած է, որ հայ ծանրորդները Լոնդոնում գերազանց են հանդես գալու եւ այս օլիմպիադան ավելի հաջողված է լինելու, քան Պեկինինը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































