Փետրվարի 14-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
ԱԽ քարտուղարը ողջունել է Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ ընդգծելով, որ նման ձևաչափով երկկողմ շփումները կարևոր դեր ունեն փոխվստահության ամրապնդման և բարիադրացիական հարաբերությունների զարգացման գործում։
Արմեն Գրիգորյանը զրուցակիցներին ներկայացրել է խաղաղության գործընթացի ընթացքը, անդրադարձել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում ձևավորվելիք տնտեսական հնարավորություններին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկային։
Կարդացեք նաև
Հանդիպման երկրորդ հատվածում ԱԽ քարտուղարը պատասխանել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին։
ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Հիշեցնենք, որ Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպում են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։



















































