
Այսօր Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանից եւ ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանից հետաքրքրվեց` այս տարիների ընթացքում նախագահը կատարե՞լ է իր խոստումը, թե՞ ոչ: Ըստ Լիլիթ Գալստյանի` այդ խոստումը, ինչպես եւ մի շարք խոստումներ չեն իրականացել. «Ընդհանրապես, որ մեր իրականության մեջ բռնություն կա եւ քաղաքական զինանոցից է` չեմ հերքի: Հատկապես Սյունիքի մարզպետի պատմությունը, մարզպետի քաղաքական վարքագծում եւ կենագրության մեջ բռնության հետ առնչվող մի շարք պատմություններ կան, բայց այսպես թե այնպես դրանք կոծկվել են: Եվ շատ հասկանալի է, որ ընդհանրապես խաղի կանոնները մեր իրականության մեջ բոլորովին այլ են: Կարծում եմ, որպես վարչական ռեսուրս` շահեկան է ունենալ այդ մարզպետին` չնայած որ վարքագծով նա վարկաբեկում է իշխանությանը, իրավապահ մարմիններին, որովհետեւ հերթական անգամ կամայական որոշման, վերաբերմունքի արտահայտություն ունենք»:
Իսկ Վարդան Այվազյանը կարծում է, որ 2008-ից մինչ հիմա դրական փոփոխություններ տեղի են ունեցել. «Երեկ ականատես եղա Սիլվա Համբարձումյանի հայտարարությանը, ինքն ասել է, որ ինքն ընդունում է ներողությունը, դրա համար չի փորձում շարունակել: Բավարարվել է տուժող կողմը, իսկ դատախազության կողմից գնահատականը դրանից ավելի չէր կարող լինել, երբ երկկողմանի համաձայնության են եկել: Իհարկե վարքագծի առումով, ճիշտ է, իշխանավորը պետք է դրսեւորեր ավելի համեստ կեցվածք, որովհետեւ բոլորի ուշադրության կենտրոնում է, բայց դա նաեւ չպետք է լինի ճակատագրական: Բայց եթե վերցնում ենք` 2008-ից սկսած, մինչ օրս դրական տեղաշարժ այս հարցում կա, բռնության, մարդ ծեծելու համար շատ բարձր պաշտոնյաներից, սկսած Ներքին գործերի համակարգերից, պատասխանատվության են ենթարկվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































