
Շատ են նոր հայտնաբերված տիեզերական օբյեկտերը, որոնց թվում մեծ հետաքրքրություն ներկայացնող Հերբիգ-Հարոյի օբյեկտներ, իրենց սպեկտրում առաքման գծեր ունեցող աստղեր, նոր մոլեկուլային արտահոսքեր, շիթերի և միգամածությունների հետ կապված պայծառ ինֆրակարմիր աստղեր, կարմիր և սպիտակ թզուկ աստղեր: Գալակտիկաների հետազոտությունների արդյունքում ցույց է տրվել, որ ամենահզոր ինֆրակարմիր աղբյուրները բաղադրյալ օբյեկտներն են։ Առաջարկվել են նաև դիտումների արդյունքների մշակման, ինչպես նաև տեսական խնդիրների լուծման նոր եղանակներ: Առաջիններից առանձնանում է ճշգրիտ լուսաչափական տվյալներ ստանալու նոր մեթոդը, որի միջոցով նաև գնահատվել է տարբեր շրջահայությունների և կատալոգների լուսաչափական ճշտությունը: Տեսական խնդիրներից է տարբեր տիպի անհամասեռություններ ունեցող մթնոլորտներում ճառագայթման տեղափոխման կամայական խնդրի դիտարկումը, որի լուծումը տրվում է շատ ավելի պարզ եղանակով, քան հայտնի էր մինչև օրս:
Աստղադիտարանը 2011թ. կազմակերպել է մի շարք միջոցառումներ, այդ թվում` ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների կոնֆերանս և Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված պատմա-աստղագիտական սեմինար: Աստղադիտարանին շնորհվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի հավաստագիր` Մարգարյանի շրջահայության և նրա թվայնացման համար: Վերջապես, ռուսական «Պրոեկտ-Տեխնիկա» ձեռնարկության հետ կնքվեց պայմանագիր` այսպես կոչված «տիեզերական աղբի», աստղակերպերի և գիսավորների որոնումների բնագավառում համատեղ աշխատանքներ սկսելու և այդ կապակցությամբ աստղադիտարանում երեք նոր դիտակներ տեղակայելու, իսկ աստղադիտարանի խոշոր դիտակները ժամանակակից լուսաընդունիչներով ապահովելու նպատակով:
Կարդացեք նաև


















































