
Ընդմիջումից հետո Կարախանյանի եւ Մարգարյանի մեջտեղում նստեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Կարախանյանի պաշտպան Լիաննա Գրիգորյանը, դրանով կանխելով հնարավոր բախումը:
Դատախազ Հարութ Հարությունյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Մարգար Օհանյանն իրեն մեղավոր չճանաչեց, այս գործով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանը հրաժարվեց պատասխանել դատարանի հարցերին, իսկ ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանը եւ բաժանմունքի տեխնիկ Սամվել Մախմուրյանը լիովին իրենց մեղավոր ճանաչեցին:
Ըստ մեղադրողի, 2009 թվականի հունվարից, ՀՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության ավտոտնտեսությունից ՃՈ պետ Մարգար Օհանյանի տված լիազորագրերի հիման վրա, ճանապարհային ոստիկանությանը կանոնավոր կերպով՝ կտրոնների տեսքով, բենզին է հատկացվել:
Կարդացեք նաև
2009թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչությունից ՃՈ-ին հատկացվել է 1. 200. 000 լիտր բենզին, 2010թ. 895. 000 լիտր, 370.150 լիտր բենզին ձեռք է բերվել ՃՈ արտաբյուջետային միջոցներով:
2011թ. հունվար-հուլիս ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչությունից հատկացվել է 490. 000 լիտր բենզին և 353. 250 լիտր բենզին ձեռք է բերվել արտաբյուջետային միջոցներով՝ընդամենը՝ 843.250 լիտր բենզին: Ըստ մեղադրողի, Մարգար Օհանյանը 574. 420 լիտր բենզինը յուրացնելու նպատակով, ՃՈ գույքը տնօրինելու իր լիազորությունները չարաշահել է:
Ծախսագրման պատասխանատուներ Արա Լեւոնյանը եւ տեխնիկ Սամվել Մախմուրյանը 1-ին եւ 2-րդ գումարտակների բենզինից յուրաքանչյուր ամիս բաշխել են նախատեսվածից պակաս, իսկ տարբերությունը հանձնել են Մարգար Օհանյանին:
Բենզինի ստացման, բաշխման եւ ծախսի վերաբերյալ փաստաթղթերում ձեւակերպվել է ոչ թե փաստացի հատկացվածը, այլ ամսվա չափաքանակով սահմանված բենզինի ծախս: 2009թ. հունվարից մինչ այս տարվա 2011 հուլիսը, սպայական գումարտակի համար նախատեսված 959.200 լիտր բենզինից անձնակազմին բաշխել են 845.000 լիտրը: Ի դեպ. տուժող է ճանաչվել ճանապարհային ոստիկանությունը, որի շահերը կներկայացնի ավագ տեսուչ Ժիրայր Կարապետյանը:
Քրեական գործով կդատակոչվեն 20 վկա: Վկաների հարցաքննությունից հետո կհարցաքննվեն ամբաստանյալները, կհետազոտվեն ապացույցները: Դատական նիստերի դահլիճի բոլոր աթոռները զբաղեցված էին, մեծ թիվ էին կազմում ոստիկանները:
Դատաքննությունը կշարունակվի հունվարի 13-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































