Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգար Օհանյանի ու Ստեփան Կարախանյանի մեջտեղում «պատ» է դրվում

Հունվար 09,2012 17:19

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը մերժեց ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մկրտիչ Վասակյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին: Մինչ դատարանը դուրս կգար խորհրդակցական սենյակից, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ամբաստանյալ Ստեփան Կարախանյանը զբաղեցրեց իր տեղը: Ընդմիջումից առաջ նա նստած էր Մարգար Օհանյանի կողքին: Իսկ երբ Մարգար Օհանյանը դիմեց դատարանին, ձեռքը ուղղելով դեպի Կարախանյանը, թե կասի, թե ում ինչպես, ուր են տարել իր դեմ ցուցմունք կորզելու համար, դատավորը կանխեց հնարավոր վեճը եւ անգամ ակնարկեց, որ չի թողնի քաշքշուկներ:

Ընդմիջումից հետո Կարախանյանի եւ Մարգարյանի մեջտեղում նստեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Կարախանյանի պաշտպան Լիաննա Գրիգորյանը, դրանով կանխելով հնարավոր բախումը:

Դատախազ Հարութ Հարությունյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Մարգար Օհանյանն իրեն մեղավոր չճանաչեց, այս գործով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար  Ստեփան Կարախանյանը հրաժարվեց պատասխանել դատարանի հարցերին, իսկ ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանը եւ բաժանմունքի տեխնիկ Սամվել Մախմուրյանը լիովին իրենց մեղավոր ճանաչեցին:

Ըստ մեղադրողի, 2009 թվականի հունվարից, ՀՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության ավտոտնտեսությունից ՃՈ պետ Մարգար Օհանյանի տված լիազորագրերի հիման վրա, ճանապարհային ոստիկանությանը կանոնավոր կերպով՝ կտրոնների տեսքով, բենզին է հատկացվել:

2009թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչությունից ՃՈ-ին հատկացվել է 1. 200. 000 լիտր բենզին, 2010թ. 895. 000 լիտր, 370.150 լիտր բենզին ձեռք է բերվել ՃՈ արտաբյուջետային միջոցներով:

2011թ. հունվար-հուլիս ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչությունից հատկացվել է 490. 000 լիտր բենզին և 353. 250 լիտր բենզին ձեռք է բերվել արտաբյուջետային միջոցներով՝ընդամենը՝ 843.250 լիտր բենզին:  Ըստ մեղադրողի, Մարգար Օհանյանը 574. 420 լիտր բենզինը յուրացնելու նպատակով, ՃՈ գույքը տնօրինելու իր լիազորությունները չարաշահել է:

Ծախսագրման պատասխանատուներ Արա Լեւոնյանը եւ տեխնիկ Սամվել Մախմուրյանը 1-ին եւ 2-րդ գումարտակների բենզինից յուրաքանչյուր ամիս բաշխել են նախատեսվածից պակաս, իսկ տարբերությունը հանձնել են Մարգար Օհանյանին:

Բենզինի ստացման, բաշխման եւ ծախսի վերաբերյալ փաստաթղթերում ձեւակերպվել է ոչ թե փաստացի հատկացվածը, այլ ամսվա չափաքանակով սահմանված բենզինի ծախս: 2009թ. հունվարից մինչ այս տարվա 2011 հուլիսը, սպայական գումարտակի համար նախատեսված 959.200 լիտր բենզինից անձնակազմին բաշխել են 845.000 լիտրը: Ի դեպ. տուժող է ճանաչվել ճանապարհային ոստիկանությունը, որի շահերը կներկայացնի ավագ տեսուչ Ժիրայր Կարապետյանը:

Քրեական գործով կդատակոչվեն 20 վկա: Վկաների հարցաքննությունից հետո կհարցաքննվեն ամբաստանյալները, կհետազոտվեն ապացույցները: Դատական նիստերի դահլիճի բոլոր աթոռները զբաղեցված էին, մեծ թիվ էին կազմում ոստիկանները:

Դատաքննությունը կշարունակվի հունվարի 13-ին:

  Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031