
ՀՅԴ խմբակցության պատգամավորների մատուցմամբ, Պրեսկոտն ավելի հակված է եղել չանդրադառնալ ԸՕ-ում դրա հետ կապված փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը, ինչը պատգամավորների կողմից ընկալվել է որպես «ընտրական գոյություն ունեցող համակարգի պաշտպանություն եւ կանխակալ մոտեցում»:
Ավելին, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի մատուցմամբ, բանավեճը հանգել է նրան, որ համազեկուցող Պրեսկոտը խոստովանել է, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգն իր համար էլ ընդունելի չէ, որովհետեւ ժամանակին դա Մեծ Բրիտանիայում էլ է բանավեճերի առիթ դարձել, եւ, օրինակ, իր հարազատ կուսակցությունը՝ Հանրապետականը, խորհրդարանական 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելուց հետո, ընտրությունների արդյունքում պարտություն է կրել եւ կորցրել է իշխանությունը: «Եթե Պրեսկոտի առաքելությունը չունի այն գիտակցումը, որ մեր երկրի խաղաղությունը, կայունությունը եւ քաղաքական, տնտեսական ու սոցիալական հեռանկարը պայմանավորված են միմիայն ազատ եւ արդար ընտրությունների անցկացմամբ, իսկ նա Հայաստան է եկել, երբ այդ ընտրություններին մնացել է 3-4 ամիս՝ ապա ես խորապես կասկածում եմ այս առաքելությանը: Նշանակում է՝ սա հերթական առաքելություն է, որը կոսմետիկ բնույթ է կրում, որովհետեւ չկար ընկալումը՝ հասկանալու, որ «Մարտի 1»-ը պայմանավորված էր հենց խեղված ընտրություններով»,- Պրեսկոտի հետ հանդիպումից հետո ասաց Լիլիթ Գալստյանը:
Նրա համոզմամբ, իշխանություններն այսօր էլ պատրաստ չեն արդար ընտրություններ անցկացնելու մասին իրենց խոստումները կատարել, ուստի՝ ՀՅԴ-ն պնդում է անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, որը, կուսակցության դիտանկյունից, գոնե, հնարավորություն կտա խուսափել նոր առճակատումներից եւ «չունենալ անհանգիստ փողոց»: «Ես ասացի, որ սա ոչ թե մեր կուսակցական ամիբիցիան է, այլ պայմանավորված է երկրի խաղաղ, կայուն եւ սոցիալական համերաշխության հեռանկարով: Նա էլ ասում է՝ գնացեք, իրար (իշխանության) հետ լեզու գտեք, ես ոչինչ չունեմ ասելու: Ես չեմ սիրում համամասնական ընտրակարգը»,- Պրեսկոտի տեսակետը փոխանցեց պատգամավորը՝ հավելելով, թե դիվանագիտական նրբանկատությունը պահանջում էր, որ Պրեսկոտը, գոնե զսպվածություն ցուցաբերեր եւ իր անձնական նախասիրությունը չհրապարակեր ու «իր անձնական ճաշակի մասին չբարձրաձայներ»:
Կարդացեք նաև


















































