

Նրա մատուցմամբ, համազեկուցողն ասել է, թե զոհերի հարազատները մի բան են ասում` իշխանությունները` այլ բան:
Խոսել է մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ սպանված զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը` տիկին Ռուզանը, որը եւս ասաց, թե ինքն էլ անհաղորդ է նախաքննության ընթացքին, ինչին ի պատասխան Պրեսկոտը նկատել է, թե ՀՔԾ-ն պետք է, որ, գոնե, զինվորի մորը հրավիրած լիներ եւ ներգրավվեր, տեղեկացներ քննության ընթացքի մասին:
Կարդացեք նաև
Պրեսկոտի հետ հանդիպման ժամանակ խոսել է նաեւ Արմեն Ֆարմանյանի հայրը` Վաչագան Ֆարմանյանը: Նա հայտարարել է, որ ՀՔԾ-ն իր հրապարակած վերջին զեկույցում էլ իր որդուն հանիրավի ներկայացրել է որպես հանցագործ, անկարգությունների մասնակից եւ հարցրել, թե` կարո՞ղ էր արդյոք մանկատնից երեխա վերցրած ու նրան 4 տարի դաստիարակող մարդը հանցագործ լինել: Կարծիք հայտնելու առիթ է գտել նաեւ Հովհաննես Հովհաննիսյանի կինը` տիկին Լիլիան:
«Բայց մենք բոլորս շատ կարճ ենք խոսել, չէր թողնում բան ասել: Մեր ներկայացուցիչներին թույլ չի տվել խոսել: Միայն Արտակ Զեյնալյանն է հասցրել ասել, թե մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հայցեր են ներկայացվել դատարաններ, որոնք մերժվել են, բայց Պրեսկոտը նրան թույլ չտվեցին անգամ մի բառ շարունակել` ասելով, թե ինքը ժամանակ չունի: Ընդհանրապես երբեք էսպիսին չէր եղել, թույլ չէր տալիս, որ նախադասությունն ավարտին հասցնեինք, այն էլ, ինչ ասել ենք` երեսի զոռով ենք ասել»,- պատմեց Ալլա Հովհաննիսյանը:
Վերջինս, այնուամենայնիվ, մի դրական տպավորություն փոխանցեց. այն է` Պրեսկոտը ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ հաստատ բարձրացնելու է նախաքննության գործընթացին զոհերի իրավահաջորդների ներգրավելու հարցը: «Կարծում եմ, ՀՔԾ–ն դրանից հետո մեզ ձեւական կհրավիրի, իսկ մնացածին մենք մեր ներկայացուցիչ փաստաբանների հետ պետք է կարողանանք հասնել: Սպասելիքներ չկա, ուղղակի պետք է բարձրաձայնենք մեր որդիների սպանությունները բացահայտված չլինելու մասին», – ասաց զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` հավելելով, որ որքան էլ զոհերի հարազատները հասկանան, որ այլեւս սպասելիքներ չունեն ո’չ համազեկուցողներից, ո’չ էլ իշխանություններից` նրանք իրենց ձեռքերը չեն լվա ու մի կողմ չեն քաշվի, այլ մինչեւ վերջ պայքարելու են իրենց զավակների սպանության հանգամանքների ու մեղավորներին բացահայտելու ու պատժելու ուղղվությամբ:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ


















































