
Այսօր «Հայելի» ակումբում Հակոբ Բաղդասարյանն ու Հայաստանի գործատուների պետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ներկայացրին անշարժ գույքի շուկայի տարեվերջյան գնային տատանումները, եւ թե Հարավ արեւմտյան երկրներում լարվածությունն ի՞նչ արձագանք է ունեցել եւ կունենա ՀՀ անշարժ գույքի շուկայի վրա:
Հարցին ի պատասխան, թե Սիրիայում եւ այլ արաբական երկրներում, ներքին հակամարտությունով պայմանավորված, հայերի հոսքը դեպի Հայաստան որքանո՞վ է անդրադարձել անշարժ գույքի շուկայի ակտիվացման վրա, մասնագետները փաստեցին, որ էական աճ չի գրանցվել, բայց որոշ աշխուժություն նկատվել է:
Ըստ Գագիկ Մակարյանի, վերջին շրջանում բնակարան ձեռք բերել ցանկացողների հետաքրքրությունն էլիտարների նկատմամբ նվազել է եւ քաղաքի տարբեր հատվածներում կառուցված էլիտարներում բնակարանները չեն վաճառվում:
Կարդացեք նաև
Մասնագետի կարծիքով, սա ոչ միայն բիզնեսի, այլեւ տնտեսության զարգացման տեսանկյունից վատ է, քանի որ դրա պատճառով, մոտ 2 միլիարդ դոլարի կապիտալ ներկայումս սառեցված է. «Տնտեսությունից դուրս է եկել, բայց չի վերադարձվում»:
Նա նաեւ մտահոգություն հայտնեց, որ դեռեւս հիպոթեքի տոկոսադրույքները մեր երկրում շատ բարձր են եւ այդ պայմաններում փոքր բիզնեսի համար չի կարող զարգանալ անշարժ գույքը որպես գրավի առարկա ի պահ տալու եւ գումար փոխառելու եղանակը. «Փոքր բիզնեսի համար անշարժ գույքը հաճախ ծառայում է որպես գրավի առարկա, եթե փոքր բիզնեսն առայժմ զարգանում է շատ դանդաղ եւ թույլ, ապա այդ առարկան էլ չի առաջանում, չի ձեւավորվում»:
Ըստ Գագիկ Մակարյանի, գյուղական բնակավայրերում անշարժ գույքով գրավի մասին խոսք լինել չի կարող, քանի որ օրինակ՝ Ախթալայի Շամլուխ գյուղում անշարժ գույքի գներն այնքան են իջել, որ այնտեղ բնակարանների 1 քմ-ն վաճառվում է 10 դոլարին համարժեք դրամով:
Պարոն Բաղդասարյանի տվյալներով, այսօր շուկայում անշարժ գույքի գործարքների մեծ մասը կատարվում է կանխիկ, մինչդեռ, եթե բանկերը իրատեսական տոկոսներով հիպոթեք առաջարկեին, ապա, մասնագետի կարծիքով, յուրաքանչյուր 2-րդ գործարքը կկատարվեր հիպոթեքով. «Սակայն առայժմ գործարքների միայն 10-15 % է հիպոթեքով»:
Ըստ նրա, քաղաքի ծայրամասերում՝ Նուբարաշենում, Չարբախում , Շենգավիթում եւ այլ թաղամասերում, ներկայումս անշարժ գույքի 1 քմ-ի արժեքը 800 դոլարին համարժեք դրամ է, իսկ կենտրոնում՝ 1000-ից հասնում է մինչեւ 2500 դոլարին համարժեք դրամի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































