Փաշինյանն ու 50 ՔՊ-ականները շարունակում են նախա-նախընտրական արշավը: Այն, որ դա ընտրական օրենքների ու կանոնների կոպիտ խախտում է, փաստում են բազմաթիվ մասնագետներ, սակայն դրան առանձին կանդրադառնանք: Տվյալ դեպքում մեզ ու, վստահ ենք, շատերին հետաքրքրում է այն, թե Նիկոլ Փաշինյանն ինչու է այդքան ագրեսիվ, ջղային արձագանքում տարբեր բնակավայրերում իրեն զանազան հարցեր տվող կամ նույնիսկ ինչ-որ խնդրանքով դիմող մարդկանց:
Եվ Փաշինյանն արդեն «իր» ընտրողների վրա է մուննաթ գալիս: Նրանց վրա է բարկանում, բորբոքվում, ձեռքերը թափահարում:
Այնպիսի կայուն տպավորություն է ձևավորվում, որ Փաշինյանը քարոզչական ավտոբուսից դուրս է գալիս միայն այն բանի համար, որպեսզի մարալիկցիների, իջևանցիների, արթիկցիների ու մյուսների վրա գոռգոռա, ջղայնանա, ձայնը գլուխը գցի:
Ինչո՞ւ:
Կարդացեք նաև
Դա ամենից առաջ տվյալ անհատի՝ Փաշինյանի անվստահության դրսևորում է: Ի դեպ, երբ դա համադրում ենք իրենց հրապարակած ու ակնհայտորեն «դզած-փչած հարցման» արդյունքների հետ, ապա հակադրությունն էլ ավելի է աչք ծակում: Ըստ այդ «հարցման», Փաշինյանը քաղաքական դաշտում իբրև թե «միանձնյա առաջատար» է: Բայց միանձնյա առաջատարներն իրենց այդպես չեն պահում՝ այդքան անվստահ, այդքան բորբոքված, այդքան ագրեսիվ:
Երկրորդը՝ Փաշինյանն իր փորձառությամբ հրաշալի տեսնում է, որ մարդկանց կողմից իր նկատմամբ վաղուց չկա վստահություն, չկա հարգանք:
Փաշինյանն ու ՔՊ-ն նաև իրենք իրենց հորինած քարոզչական միֆերի տակ են մնացել: Իբր «30 տարի ոչինչ չէր արվել», եկավ Փաշինյանն, ու ծաղիկները ծաղկեցին, ճահիճները վերացան, անապատները ջրվեցին, անպտուղ ծառերը բերք տվեցին, նույնիսկ Արևը սկսեց առավոտյան ծագել, իսկ երեկոյան մայր մտնել: Իսկ ժողովուրդը, «երեք միլիոն վարչապետներն» իրեն երախտապարտ լինելու, իրեն տեսնելիս ինքնամոռաց ցատկոտելու, ոտքերի առաջ վերջին ոչխարը մորթելու փոխարեն դեռ մի բան էլ անդուր հարցեր են տալիս, բողոքում են, Արցախի մասին են հիշեցնում, Կաթողիկոսի մասին… Այ, այ, այ, ինչպիսի երախտամոռություն:
Փաշինյանն էլ բռնկվում է: Վայրկենապես: Ժողովրդական բանահյուսությունը դիպուկ բնորոշում ունի՝ «զակատ արած կռիվ»: Փաշինյանի վարքը այդ արտահայտությունն է հիշեցնում:
Փաշինյանի կառավարությունը աղքատությունը չի նվազեցրել, անդադար խոստացել է, բայց ոչ մի նորմալ աշխատատեղ չի բացել, երկիրն ու ժողովրդին դրել է լրջագույն սպառնալիքների տակ, պատերազմի ու հազարավոր տղաների մահվան պատճառ է դարձել, Արցախն են ուրացել ու հանձնել թշնամուն, Հայ առաքելական եկեղեցին կործանելու նպատակով արշավի են ելել, և… այդքանից հետո ուզում են, որ իրենց ոչ մի հարց չտա՞ն:
Լո՞ւրջ:
Հա, ի դեպ, մարդկանց վարագույրները մի փչացրեք, ափսոս են: Նրանք միլոններով պարգևավճար չեն ստանում՝ ի տարբերություն ՔՊ-ականների:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































