Լրահոս
Օրվա լրահոսը

ՌաՖիկ Աթայան. «Պիտի օգտվեն միայն քաջարանցիները»

Հունվար 18,2012 13:37

Քաջարանի գյուղապետն իր մասնաբաժինն է ուզում

Արդեն տեղեկացրել ենք, որ նախորդ ուրբաթ օրը` հունվարի 13-ին, «Առավոտը» եղավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում եւ Քաջարան գյուղում, զրուցեցինք կոմբինատի տնօրենի եւ գյուղապետիհետ: Սակայն բացի տնօրեն Մաքսիմ Հակոբյանից, նրա տեղակալ Ալիկ Դավթյանից, որ ծնունդով էլի Քաջարան գյուղից է, եւ գյուղապետ Ռաֆիկ Աթայանից, Քաջարան գյուղում հանդիպեցինք եւ զրուցեցինք նաեւ գյուղի ապագայի համար մտահոգ այլ մարդկանց հետ եւս:

Հովնան Իսրայելյանը երկար տարիներ աշխատել է կոմբինատում, պաշտոններ է զբաղեցրել, եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ներկայումս թոշակառու է: Մեր հանդիպման սկզբում նրա նյարդերը տեղի տվեցին, երբ տեսավ ամեն ինչ լուսանկարող Գագիկ Շամշյանին, մանավանդ, որ անընդհատ լսվում էր մեր անակնկալ այցից շատ վրդովված գյուղապետի բարձր ձայնը եւ գոռգոռոցը` «Ինչի՞ եք գնացել իրա մոտ, նոր իմ մոտ, ես գյուղապետն եմ, գյուղապետը, բա ինքը ո՞վ ա, է՛, ո՞վ ա, ինչի՞ ինձ տեղյակ չեք պահել, որ եկել եք, ագենտնե՞ր եք, գաղտնի բաներ ե՞ք անում», ու փորձեց Շամշյանի ձեռքից խլել լուսանկարչական խցիկը:

Սակայն քիչ անց միջադեպը հարթվեց, եւ պարոն Իսրայելյանը շատ հանգիստ պատմեց իր դժգոհությունների մասին: Երբ Ալիկ Դավթյանը, որը «Առավոտին» դեպի գյուղ ուղեկցեց կոմբինատից, ներկայացրեց պարոն Իսրայելյանին` որպես կոմբինատի երկարատեւ աշխատող, վերջինս ընդդիմացավ.«Ոչ թե աշխատող, այլ ստեղծողներից եմ: Ես էն մարդն եմ, որ կոմբինատի ստեղծողն եմ, գնացել եմ հայթայթել-բերել եմ Ռուսաստանից, Ադրեբեջանից, հումքը բերել եմ` կոմբինատն եմ պահել, պահպանել: Էսօր սրանք փափուկ նստել են աթոռներին` միլիոնները ստանում են, իրենց չի հերիքում… Չորս աղջիկ ունեմ, մեկը թողեց գնաց Մոսկվա, էն մեկը ապրում ա Ղափանում, փեսաս կոմբինատում  ա աշխատում, երկու տղա ունի`մեկը ինստիտուտում, մեկը քոլեջում են սովորում` վճարովի: Տարվա վերջին վճարը ուզեցին, փեսես կոմբինատից փող վերցրեց, հաջորդ ամիսը պլանը չկատարեց, 67 հազար պարտք մնաց…»:

Իսկ ինչքա՞ն է աշխատավարձ ստանում»` այս հարցին նախ շտապեց պատասխանել Ռաֆիկ Աթայանը. «Կինս ստանում ա 55 հազար, տղաս ստանում ա 85 հազար: Կնոջս օպերացիա են արել Մարգարյանում, 3000 դոլար պարտք եմ արել, կինս կոմբինատում ա աշխատում, բա՞ խի չեն օգնում»: «Ռաֆիկ, դու դիմումը գրե՞լ ես»,-զարմացած հարցրեց Ալիկ Դավթյանը: «Հա, դիմումս գրել եմ, շպրտել են»,-ասաց գյուղապետը, որին անմիջապես հակադրվեց Իսրայելյան Հովնանը. «Կոմբինատը օգնել ա միշտ, դա հարց չի, էդ մասին խոսք չկա, բոլորին էլ անում են, հիվանդանոցների հարցը լուծում են»: Ապա Հովնան Աթանեսիչը ասաց. «Իմ կինը 50 հազար ա ստանում, ես 100 հազար էի ստանում, հիմա թոշակառու եմ, չեմ աշխատում, հանեցին»: «Աթանեսիչ, դու 63 տարեկանից պիտի գնայիր թոշակի, մինչեւ 70-ը աշխատեցիր, վա՞տ էր»: «Չէ, լավ էր, բայց էդ ոնց ա` էն ղարաբաղցին, որ 80 տարեկան ա, աշխատում ա, ես յոթանասուն տարեկան եմ` չեմ աշխատում»:

«Հիմա ձեր պայքարը աշխատանքի ու աշխատավարձի համա՞ր է»,-մեր այս հարցին Հովնան Իսրայելյանը պատասխանեց. «Չէ, մենք ասում ենք, որ էս հանքի փոշին, ծուխը սաղ մենք ենք շնչում»: «Աթանեսիչ, էդ որ դու էդքան աշխատում էիր, փոշի ու ծուխ չկա՞ր»,-հարցրեց Դավթյանը: «Չէ, հիմա շատացնում են, համ էն կողմից են քանդում, համ էս կողմից են ուզում քանդեն, որ մեզ խեղդեն»:«Դե գուցե էդ դեպքում տեղափոխվե՞ք, որ ծուխ ու փոշի չշնչեք»,-սադրիչ հարցով դիմում ենք Իսրայելյանին.«Ո՞ւր պիտի տեղափոխվենք, հենա բոլոր գյուղերը տեղահան են անում, ո՞ւր տանեն: Հարստությունը էս գյուղն ա, է՛, սահմանամերձ գյուղ ա, էն սարի հետեւը թուրքերն են, գյուղը պաշտպանում ա սահմանը»: «Ո՞նց եք պաշտպանում, քանի՞ հոգի է էս պահին գյուղում ապրում»: «Դե, էսօրվա դրությամբ մի 40 ընտանիք կա, բայց ամառը մի 200 հարյուր հոգի լինում են: Քաջարանցիները հո մենակ գյուղո՞ւմ չեն, աշխարհով մեկ սփռված են, Ամերիկա, Գերմանիա, Ռուսաստան…»: «Ամերիկայից ու Գերմանիայի՞ց են սահմանը պաշտպանում»: «Չէ, է՛, էնդեղ սալդաթ էլ կա, սալդաթին էլ ենք մենք պահում»:

Կոմբինատի ներկայացուցչի ցույց տվածով` իրենք պատրաստվում են մի տաս-տասնհինգ տարուց քանդել այս հատվածը, որը գյուղից բավականին հեռու է, եւ որեւէ ձեւով չի ազդի գյուղի կյանքի վրա:

«Քիչ առաջ խոսեցինք կոմբինատի տնօրենի հետ, նա ասում էր, որ գյուղին ձեռք տալու մտադրություն չունեն, ուղղակի ուզում են հողերը գերակա շահ ճանաչվի, որ հանկարծ ոչ մեկը չօտարի: Եթե այդպես լինի, համաձա՞յն եք»: «Գյուղին որ ձեռք էլ չտան, անսպառ հանք կա, էդ մենք ենք ստեղծել, իրանք չեն ստեղծել: Իրանք հիմա միլիոններ ունեն, իրանց միլիոնները չեն հերիքում, բա 100-200 հազարը բանվորին կհերիքի՞: Էգուց-մյուս օրը էն կողմերը պայթացնեն, հետո գալու են ստեղ: Մենք քաղաքի մասին էլ ենք մտածում, մեր երեխեքն են քաղաքում ապրում, ամբողջ փոշին նստում ա քաղաքի վրա, ի՞նչ եք մտածում»: «Բայց որտեղ հանք կա` այդ վիճակն է, ուզենք թե չուզենք»: «Չէ, գիտությունը զարգանում ա, թող մի բան մտածեն, մեզ չկեղտոտեն»: «Աթանեսիչ, բա որ դու աշխատում էիր, պլանդ 3-4 անգամ գերակատարում էիր, դրա համար էլ դեպուտատ դառար, էդ ժամանակ ինչի՞ չէիր ասում` փոշի ա, ծուխ ա, չշահագործենք հանքերը»,-հարցնում է կոմբինատի փոխտնօրենը: «Դե էն ժամանակ նորմա կար, դաժանորեն չէին քայքայում, տանում, չէին տալիս արտասահմանին, տալիս էինք Չելյաբինսկին, իսկ հիմա սաղ տալիս են արտասահմանին, մեր հասրտությունը սաղ գնում ա արտասահման: Թող Հայաստանում բացեն ձուլարան, ձուլեն, գիտես քանի՞ տեսակի մետաղ կա, որ կորում- գնում ա»: «Ալավերդին պղինձը չէ՞ր ձուլում, բա խի՞ քանդեցին: Ճի՞շտ կլիներ, որ մերն էլ քանդեին»,-հարցնում է Դավթյանը: «Չէ՛, դա խուլիգանություն ա, լավ  ա` Ալավերդում ձուլարանը վերականգնում են»: «Բա էդ խի՞ ես ասում` վերականգնեն: Թող չվերականգնեն`վնաս ա բնությանը»,-հակադարձում է Դավթյանը:

Մի կարճ դադարից հետո Հովնան Աթանեսիչը պատասխանում է. «Հա, բայց դրա համար իրանք վճարում են, հատուցում են էկոլոգիայի համար»: «Բա կարո՞ղ ա` մենք չենք վճարում: Գիտե՞ք` ինչքան ենք էկոլոգիայի համար վճարում պետությանը»: «Յա՛, մենք ենք էդ փոշին կեղտը շնչում, դուք պետությա՞նն եք վճարում»: «Ինչի՞ Ալավերդիում ժողովրդին են վճարում»: «Հա, Ալավերդիում ե՜ւ ժողովրդին են տալիս, ե՜ւ Վրաստանի գետի կեղտոտման համար հսկա գումարներ են վճարում, իսկ Ալավերդուց էն կողմ հսկա շենքեր են կառուցել, մարդկանց տանում են, տեղավորում են»: «Բայց ձեզ էլ են ասում` տանենք, տեղավորենք»: «Չէ, մենք չենք ուզում, մեզ ո՞ւր տանեն»,-մեր հարցին դեռ չէր հարցրել պատասխանել նախկին պատգամավորը, երբ կրկին ասպարեզ եկավ հերոս գյուղապետը.«Մենք մեր հայրենիքը ոչ մեկին տվող չենք, մեր գյուղը տվող չենք, դուք ինձ հետ խոսեք, ինձ հետ»: «Դուք համաձայն եք փոշին ու կեղտը շնչել, բայց չգնա՞լ»,-հարցնում եմ գյուղապետին: «Հա, համաձայն ենք: Ոչինչ, հեսա դրա հարցն էլ կլուծվի»: «Ո՞նց կլուծվի` կփակե՞ք կոմբինատը»: «Չէ, չենք փակի, կիմանանք, թե ո՞վ ա աշխատացնում էդ կոմբինատը, դա մեր ունեցվածքն ա, քաջարանցիների ունեցվածքն ա, տեղացիները պիտի աշխատացնեն, սա մեր հարստությունն ա: Բոլորը մեր քաջարանցիները պիտի լինեն, ոչ թե կողքի գյուղացիները, այլ քաջարանցիները, մենակ քաջարանցիները: Պիտի օգտվեն մենակ քաջարանցիները»: «Ո՞նց են քաջարանցիները աշխատեցնելու, էդքան փո՞ղ ունեք»: «Գործարանը պատրաստի գործարան ա, աշխատում ա: Բա չիմանանա՞նք` մեր ունեցվածքը ո՞ւր ա գնում: Մենք էդ փոշին ծծում ենք, ու մեր ստացածը 150 հազար ա, բա մեր մասնաբաժինը ո՞ւր ա: Որ մեր հողերն ուտում եք` պիտի փող տաք»:

Ի դեպ, կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը մինչ այդ, Գագիկ Շամշյանի հարցին` «ի՞նչ եք կարծում, հնարավոր է, որ այլ ուժերի կողմից է հրահրվում էս ամեն ինչը»,

Մաքսիմ Հակոբյանը կարծում է, որ այս պատմության հետեւում «մութ ուժեր» կան

պատասխանել էր. «Կան որոշ բաներ, որ լսում եմ էդ տղայից` գյուղապետից, ու իր հնարավորություններն էլ գիտեմ, հասկանում եմ, որ էդ իրա խոսքերը չեն, ինչ-որ մեկը մի բան ա խոստացել, ոսկու սարեր են խոստացել, լարել, գցել են», սակայն չասաց, թե ո՞վ է այդ «ինչ-որ մեկը».«Էդ էլ որ ասեմ, հենա գնամ` Ազգային անվտանգություն, ինձ պետք չի դա, ես իմ գործն եմ անում: Ես պատասխանատու եմ իմ խղճի, իմ Աստծո առաջ»: «Իսկ եթե կառավարությունն անվավեր ճանաչի՞ իր որոշումը»` մեր այս հարցին էլ պատասխանեց. «Ինձ սկի պետք էլ չի, ավելի լավ, ավելի հանգիստ կապրենք: Մի քսանհինգ երեսուն տարվա հանքեր դեռ ունենք, մենք էդքան սկի չենք էլ ապրելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031