Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆոլցվագեն տուարեգ»-ը տվել է՝ բնակարանի երեսը չի տեսել

Հունվար 18,2012 13:17

«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի տնօրինությունը միլիոններ աշխատելու համար խարդախության գրեթե բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներին դիմել է:

Ճիշտ է, «Նորաշենի» տնօրենները՝ Արմեն Թադեւոսյանը եւ Լյովա Սամվելյանը, ներկայումս ձերբակալված են, եւ գործը գտնվում է հատուկ քննչական ծառայության վարույթում, այդուամենայնիվ, դրանից խաբված բնակիչները ոչ մի կերպ չեն մխիթարվում, եւ իրենց բնակարանները ետ ստանալը դեռեւս մեծ խնդիր է մնում: Սա այն կոոպերատիվն է, որի տերերը խաբեությամբ հարյուրավոր քաղաքացիներից գումարներ էին վերցրել բնակարաններ հատկացնելու դիմաց եւ «թռել» էին, կիսակառույց շենքի բնակարաններն էլ այլ մարդկանց մոտ մեծ գումարների դիմաց գրավ էին դրել:

Նունուֆար Զաքարյանը այդ կոոպերատիվի խաբված բնակիչներից մեկն է:

Եթե այլ քաղաքացիների դեպքում կանխիկ գումարներ էին վճարվել, ապա տիկին Զաքարյանի պարագայում «Նորաշենի» շենքից 51 քմ բնակարան ձեռք բերելու համար կոոպերատիվի տերերին Ն. Զաքարյանը տվել է բավականին թանկարժեք մեքենա, սակայն մինչ օրս բնակարանի երեսն էլ չի տեսել: Նա

2010 թվականին պայմանագիր է կնքել «Նորաշեն 2007» կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի հետ, ըստ որի՝ տիկինը Գ. Չաուշի 14/3 հասցեում գտնվող 51 քմ տարածքի համար պարտավորվել է վճարել 7 միլիոն 100 հազար դրամ, ընդ որում՝ 7 միլիոնի փոխարեն տիկինը ընկերության տնօրենին է տվել 30 հազար դոլարանոց «Ֆոլցվագեն տուարեգ» մակնիշի մեքենա, իսկ մնացած 100 հազար դրամը պայմանավորվել են վճարել 3 ամսվա ընթացքում: Ն. Զաքարյանի խոսքերով՝ «Ես հայտարարություն էի տվել մեքենան վաճառելու մասին, ընկերության ներկայացուցիչը մեքենան տեսել էր ու առաջարկել գումարի փոխարեն բնակարան տալ նորակառույցում, ինչին էլ ես համաձայնվեցի, բայց պայմանագրով, փաստորեն, մեքենան ավելի էժան գնահատվեց, քան դրա իրական արժեքն էր: Իսկ այդ 100 հազարը վճարելու համար ինձ հաշվեհամար չտրամադրեցին, պարզապես ասացին, որ պիտի տանեմ իրենց գրասենյակ եւ առձեռն վճարեմ, եւ ինձ տվեցին իրենց գրասենյակի հասցեն: Մի քանի անգամ գնացել եմ իրենց նշած հասցեն՝ միշտ փակ է եղել, ու ոչ մի աշխատակցի չեմ հանդիպել: Եվ որպեսզի ավելորդ խնդիրներ չունենամ ու ժամկետից չուշանամ, այդ գումարը փոստով ուղարկեցի իրենց տված հասցեով ու նամակում մանրամասն նշեցի, որ կատարում եմ պայմանագրով նշված կետը: Որոշ ժամանակ հետո նամակն ու գումարը փոստով հետ եկան՝ պատճառաբանությամբ, որ նման հասցե գոյություն չունի»:

Տիկին Զաքարյանի վստահեցմամբ՝ պայմանագիրը կնքելուց հետո իրեն չի հաջողվել գտնել «Նորաշենի» տնօրեններին եւ անձամբ հանդիպել ու առձեռն վճարել 100 հազար դրամը: Տիկնոջ մտքով անգամ չի անցել, որ «Նորաշենը» հենց սկզբից «քցելու» ծրագիրը հմտորեն կազմել էր, քանի որ պայմանագրով խոստացած գործողությունները կատարում էր. «Օրինակ՝ պիտի բնակարանի դրսի պատուհանները տեղադրեին, պատերը գաջ անեին, դրսի դուռը տեղադրեին եւ բոլոր կոմունիկացիաներն ապահովեին, հետո նոր միայն բնակարանը հանձնեին ինձ: Ես գնում էի, ստուգում եւ տեսնում, որ այդ աշխատանքները կատարվում էին, դրա համար էլ չեմ մտածել, որ հնարավոր է՝ խաբեն»:

Նունուֆար Զաքարյանը, տեսնելով, որ կոոպերատիվի տերերն անհայտ կորած են, դիմում է դատարան՝ պահանջելով, որպեսզի պայմանագիրը խախտելու համար ընկերությունը վճարի գանձված գումարի կրկնապատիկը, ինչը որ ամրագրված է եղել պայմանագրով: Սակայն չնայած նրան, որ դատական նիստերին «Նորաշեն 2007» ընկերությունից ներկայացուցիչ չի եղել, դատարանը որոշել է, որ ոչ թե ընկերությունն է «քցել» տիկնոջը, այլ տիկինն իր պարտավորությունը չի կատարել, այն է՝ 100 հազար դրամը չի վճարել. «Բայց ես դատարանին ներկայացրել եմ «Հայփոստից» ստացած նամակը, որ փորձել եմ գումարը վճարել»:

Տիկնոջ փաստաբան Հայկ Օսեփյանի խոսքերով էլ՝ «Դատարանը պատճառաբանել է, որ եթե նամակը հետ է եկել, ապա գնորդը պետք է որեւէ նոտարական գրասենյակի դեպոզիտային հաշվին փոխանցեր այդ գումարը: Բայց այս տարբերակը մեր դեպքում չպիտի կիրառվեր, քանի որ պայմանագրով սահմանված ժամկետում նշված հասցեի անհայտ լինելու վերաբերյալ ոչ մի հայտարարություն կամ տեղեկատվություն չի եղել. օրինակ՝ ընկերությունը փակվել կամ լուծարվել է եւ այլն»:

Ըստ փաստաբանի՝ պատրաստվում են դիմել նաեւ Վերաքննիչ դատարան:

Տիկին Զաքարյանը նախորդ տարի նաեւ դիմել է Հատուկ քննչական ծառայությանը, որտեղ ուսումնասիրելով հանգամանքները՝ տիկնոջը որպես տուժող են ճանաչել. «Արդեն չգիտեմ՝ ում վրա հույս դնեմ»,- ասաց Ն. Զաքարյանը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031