Լրահոս
Օրվա լրահոսը

Իրինա Ալեքսանդրովան ատում է մուրացկանի իր գործը

Հունվար 19,2012 17:33

«Միայնակ, մուրացկան ու անտեր կնոջ կյանքն ինչ պետք է լինի, որ օրվա ապրուստը հոգում է Երեւանի այս ու այն անկյուններում փող մուրալով, անցորդների վիրավորանքները լսելով, էս ցրտին սառչելու, մի քանի հարյուր դրամ հավաքելու, զիբիլի վարձը մուծելու, մի կտոր ցամաք հաց առնելու համար: Դաժան է, շատ դաժան…»,- Երեւանի մետրոպոլիտենի կայարաններից մեկի անցումում կանգնած փող մուրող 61-ամյա այս տիկնոջ տխուր աչքերը մի պահ կանգ առան մեզ հետ զրուցելիս:

Մեր խնդրանքով Իրինա Ալեքսանդրովնան հակիրճ պատմեց իր կյանքի ուղին եւ այն պատճառները, որը նրան այսօր այդ վիճակին են հասցրել: Երեւանում հաստատվելուց մինչ օրս միայնակ է ապրում, առանց հարազատների, առանց կարեկից ու օգնող ձեռքի: Երեւանի ճամփան նա բռնել է Բաքվի ջարդի օրերին եւ շատ-շատերի պես տեղավորվել մայրաքաղաքի հանրակացարաններից մեկի փոքրիկ սենյակում: Ամուսնուն դաժանորեն սպանել են Բաքվում, իսկ միակ եղբայրը հազիվ իր ընտանիքն է փրկել եւ մեկնել Ռուսաստան, որից մինչեւ օրս ոչ մի նորություն այդպես էլ չի ստացել: Ուրիշ հարազատներ չունի, երեխաներ այդպես էլ չհասցրին ունենալ ամուսնու հետ:

Երբեւէ մուրացկանությամբ չի զբաղվել, բարեբախտաբար աշխատանք ունեցել է, մինչեւ վերջերս էլ դպրոցում պահակ էր աշխատում: Բայց արդեն 8 ամիս է՝ անգործ է դարձել եւ մայրաքաղաքի այս ու այն փողոցներում մարդկանց կարեկցանքի հույսին մնացել: «Ստիպված եմ էս քայլին գնացել, վիրավորական ու նվաստացուցիչ , նույնիսկ ոստիկաններն ինձ մի անգամ բաժին են տարել, որ կենտրոնական տեղում կանգնել փող եմ մուրացել: Երբեւէ չէի մտածել, որ կյանքում էս օրին կհասնեմ: Էսի կյա՟նք ա, որ մենք ենք ապրում: Մի քանի ժամ կանգնում եմ, մրսում եմ: Մեռա ասելով, որ ցուրտ ա, տաք հագուստ ա պետք, անցորդները սապոգներ էին խոստացել, բայց սպասում եմ՟ չեն երեւում: Ո’չ թոշակ եմ ստանում, ո’չ նպաստ, ոչ մի տեղից եկամուտ չունեմ: 61 տարեկան եմ՝ դեռ թոշակի տարիքի չեմ, նպաստ էլ չեն տալիս, մի քանի անգամ էդ կառույցներին գնացել դիմել եմ, բայց հետ եմ եկել դատարկաձեռն: Ասում են՝ քեզ չի հասնում, պրոստո չեն ուզում տան ու ֆսյո», – պատմում է 61-ամյա Իրինա Ալեքսանդրովնան:

Մեզ հետ զրուցելուց հետո Իրինա տատը երկար չմնաց իր «աշխատավայրում», մեզ շնորհակալություն հայտնեց գումար տալու համար եւ շտապեց այսօր հավաքված մի փոքր ավելի գումարով տան մի քանի վարձերը վճարելու եւ ուտելու համար կարտոֆիլ ու հաց առնելու:

Օրվա սննդակարգը գրեթե անփոփոխ է, հաց կարտոֆիլ. այն ինչ էժան է ու իր գրպանին հարիր: Օրական 500-1000 դրամ հազիվ է հավաքվում, որ միայն ուտելիքին է բավականացնում: Ձմռան սեզոնին ջեռուցման խնդիրն է շատ մտահոգում, տունը չի տաքացվում, գումարը չի հերիքում օգտագործած էլեկտրաէներգիայի ծախսերը հոգալու համար: «Մենակ մի ցանկություն ունեմ, որ գոնե տան հարցերս կարգավորվեն: Խոստացել են այս տարի տուն տալ ու տեղափոխել հանրակացարանի վատ պայմաններից, թեկուզ մի գյուղում, գնամ տեղավորվեմ, այգի կմշակեմ ու կապրեմ, ստիպված չեմ լինի նվաստանալ ու փող մուրալ՝ ամեն օր անցորդների վիրավորանքները լսելով: Ինձ կռախ, աներես են ասում, ինչի՞ համար, որ ես մի կտոր հացի համար գումա՞ր եմ հավաքում: Գուցե գյուղում հարեւաններ էլ գտնեմ, զրուցակից ունենամ ու ինձ աշխարհից դուրս մնացած մարդ չզգամ: Թե չէ հիմա հեռախոս էլ ունենամ, մարդ չկա , որ զանգեմ խոսեմ», -ասում է Բաքվում ժամանակին կոշիկի ֆաբրիկայում աշխատած Իրինա տատը:

Այնուհանդերձ նա լավատեսությամբ է լցված եւ հույս ունի, որ այս ամենն ընդամենը ժամանակավոր է:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Արմեն ՊԱՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031