Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 11-ի դրությամբ էլի դուրս է եկել մուրացկանության, հիմա ամուսինս նստած է, քեզ ո՞վ է ստիպում

Մարտ 29,2023 16:17

66-ամյա կնոջը 10 տարի շարունակ մուրացկանության դրդելու համար կալանավորված տղամարդու կինն ապշած է, թե ինչպես տիկին Սվետլանան (մուրացկանությամբ զբաղվող կինը՝ լուսանկարում) այդքան անարդար «շնորհակալություն» հայտնեց իրենց՝ 10 տարի իրեն շահել-պահելու համար:

«Իմ ամուսինն իրեն չի դրդել, չի ստիպել, որ գումար հավաքի: Ինքը գումար հավաքող է եղել դեռեւս 1997 թվականից՝ իր մամայի հետ: Մայրը մահանում է, մնում է մենակ ու էլի շարունակում է այդ գործը: Ինչպե՞ս կարելի է մի մարդու 10 տարի պահել, ստիպել մուրացկանության ու ինքը ձայն չհանի: Նորմալ, խելքը գլխին մարդը, որ մտածի, դա հնարավո՞ր բան է »,- Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանում է մուրացկանության դրդելու համար մեղադրվող տղամարդու կինը (նա չցանկացավ, որ իր անունը նշենք):

Իրավապահներին մուրացկանությամբ զբաղվող կինը պատմել էր, որ 43-ամյա տղամարդուն խնդրել է շինարարական աշխատանքներ կատարել մոր գերեզմանին, ինչի դիմաց տղամարդը պահանջել է 3000 ԱՄՆ դոլար: Տեսնելով, որ կինը չի կարողանում վճարել պահանջված գումարը՝ տղամարդը նրան դրդել է Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում մուրացկանությամբ գումար հավաքել, օրվա ընթացքում հավաքված ողջ գումարը՝ մոտ 35-40.000 ՀՀ դրամ, տալ իրեն, իսկ երբ կինը չի համաձայնել, կամ փոխանցված գումարը քիչ է եղել, ծեծի է ենթարկել նրան:

Կալանավորված տղամարդու կինն այսպես արձագանքեց տարեց կնոջ մեղադրանքին. «3000 դոլարի խոսակցություն չի եղել, որտեղ թաղված է իր մայրը, այդ նույն գերեզմանատանը թաղված է ամուսնուս հայրը: Երբ ամուսինս սկեսրայրիս գերեզմանաքարն էր սարքում, շինանյութ է ավելացել, այդ ժամանակ ինքը խնդրեց՝ ինչ կլինի, մամայինս էլ սարքի, շինանյութի ավելցուկով ամուսինս սարքել է: Ով էլ գնա, նայի, էնտեղ ինչ է արված, որ 3000 դոլար էլ գրել է»:

Իսկ ինչպես են ծանոթացել մուրացկան կնոջ հետ ու ինչպես են սկսել համատեղ ապրել, մեր զրուցակիցը հետեւյալը պատմեց. «Մենք Ծարավ-Աղբյուրում ժամանակին վարձով էինք ապրում, ինքն այդտեղ էր ապրում, հարեւաններ էինք: Երբ տեղափոխվում էինք այդտեղից, եկավ խնդրեց՝ ինչ կլինի ինձ էլ ձեր հետ տարեք: Ասաց՝ տան գործերով կօգնեմ, երեխաների հարցով կօգնեմ, այդ ժամանակ էլ ինքը տանտիրոջ հետ ահավոր կռվի մեջ էր, իրեն դուրս էին հանում: Մենք էլ խղճացինք, տարանք հետներս: Հաշտ ու համերաշխ ապրել ենք միասին, տո չենք էլ պատկերացրել, որ ինքը նման բան կարող էր անել: Ինչ ուզել, արել է, երբ ուզել, դուրս է եկել տանից: Մենք իրեն բռնի ուժով չենք պահել: Ձմեռվա ամիսներին մնացել է մեր տանը, հենց տաքերն ընկել են, գնացել է դուրս, տարբեր նստարանների վրա տեղաշոր է գցել, պառկել, քնել է: Քանի անգամ չենք ուզեցել, որ հետ գա մեր տուն, իր ոտքով է հետ եկել: Քանի անգամ ասել ենք իրեն՝ գնա մի նորմալ աշխատանք գտիր՝ հավաքարարի կամ այլ գործ, ասում էր՝ չեմ կարող, ես սովոր եմ մուրացկանության, ինձ փող են տալիս, ես էլ ապրում եմ»:

Ինչու Սվետլանան դիմեց իրավապահներին, ըստ մեր զրուցակցի. «Ոնց ասեմ, որ ճիշտ լինի, ինքը մի քիչ ուղեղից հիվանդ է: Ինքը նույն կերպ նույն դիմումով երկու անգամ ամուսնուս վրա դիմել է նման բողոքով: Դիմելուց հետո նորից եկել է մեր տուն, իրավապահները եկել են մեր տուն, տեսել են, որ ինքը նորմալ, լողացած, «ակուրատնի»՝ տանը նստած է: Սվետան երկու անգամ էլ ամուսնուս վրա բողոք գրելուց հետո դիմում է գրել՝ ես մի քիչ պակաս եմ, չեմ հասկացել՝ ինչ եմ գրել, ինձ ներեք: Այդ արարքներից հետո մենք իրեն ասացինք՝ Սվետա ջան, եթե չես ուզում մնաս, միանգամից ասա: Տարանք, իրեն տեղավորեցինք Վարդաշենի անօթեւանների կացարան, հետո այնտեղ վիճեց ապրողների հետ, իրեն ծեծեցին, ինչ արեցին, ինքը նորից զանգեց մեզ՝ ինձ սպանում են, եկեք տարեք: Մենք գնացինք իր հետեւից, ինքը դիմում գրեց՝ իմ բարեկամները եկել են, ես իրենց հետ գնում եմ, չեմ ուզում այստեղ ապրել: Այդ թուղթն էլ կա, փոխանցել ենք մեր պաշտպանին»:

Մեր զրուցակիցը արձագանքեց նաեւ իրենց տնից առգրավված հազարավոր դոլարների հասնող պարկերով կոպեկների մասին տեղեկությանը. «Երբ իրավապահներն եկան, ասացին ՝ տանը ինչքան գումար ունեք, ավելի լավ է դուք ցույց տաք: Ես՝ որպես մաքուր մարդ, որ պահելու, թաքցնելու բան չունեմ, այդ գումարը հանել, ցույց եմ տվել: Չեմ պատկերացրել, որ իմ տան ամբողջ գումարը, կսրբեն, կտանեն, ու իմ անչափահաս երեխաները, հավատացեք, արդեն չորրորդ օրն է՝ ոչինչ չեն կերել: Դիմում եմ, ասում եմ՝ ինչ կլինի գոնե իր մեքենան, որ գործի հետ կապ չունի, ոսկեղենը, որ գործի հետ կապ չունի, վերադարձրեք, որ ես կարողանամ այս երեխեքին պահեմ, ինձ ընդհանրապես լսող չկա: Այդ պարկերով գումարները մենք տարիներով հավաքել ենք շշերի մեջ, որ հետո կարողանանք փոխել: Մենք էլի տուն էինք ուզում գնել, բայց չստացվեց: Սվետլանան, որ գալիս էր (մուրացկանությամբ զբաղվող կինը) իր հոժար կամքով էր տալիս, կլինի՝ 2000, 3000 դրամ, ասում էր էս էլ իմ կողմից, որ ինձ պահում եք, լողանում եմ, տաք-տաք քնում եմ: Մենք ենք վճարել կոմունալը իրար հետ»:

Իսկ ինչու էր Սվետլանայի թոշակի քարտն ու անձնագիրը իրենց մոտ, ըստ մեր զրուցակցի, որովհետեւ Սվետլանան արդեն մի քանի անգամ կորցրել էր անձնագիրը եւ նորից չկորցնելու համար ի պահ էր տվել իրենց: Ինչ վերաբերում է թոշակի քարտին, ըստ մեր զրուցակցի, թոշակի քարտից չէր կարողանում օգտվել, իրենք հանում էին, տալիս նրան:

Ինչով էր զբաղվում տարեց կնոջը մուրացկանության դրդելու համար մեղադրվող տղամարդը, ըստ նրա կնոջ՝ մեքենաների առուվաճառքով նաեւ իր մեքենայով տաքսի ծառայություն էր մատուցում :

Ինչ վերաբերում է իրավապահների հայտնաբերած 70.000 դոլարին, մեր զրուցակիցը նաեւ ասաց, «Մի քանի ամիս առաջ մեր դիմացի բնակարանը մերն է եղել, վաճառել ենք, կտրոններով ներկայացրել ենք փաստաբանին, որ ներկայացնի դատարան: Ամուսինս Վրաստանից մեքենաներ է բերել ու վաճառել, պայմանագրերը փոխանցել եմ փաստաբանիս: Այդ գումարի ապացույցները ունեմ »:

Մեր զրուցակիցը տեղեկություններ ունի, որ տիկին Սվետլանան հիմա էլ անօթեւանների կացարանից է դուրս եկել ու կրկին մուրացկանությամբ է զբաղվում. «Մարտի 11-ի դրությամբ էլի դուրս է եկել քաղաք՝ մուրացկանության, հիմա ամուսինս նստած է, քեզ ով է ստիպում , որ դու գնաս մուրացկանություն անես: Վիդեոներով ամբողջը կա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031