Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում շարունակվում է Սվետլանա Հակոբյանի «Գերդաստանի խորհուրդը» խորագրով ցուցահանդեսը: Նկարչուհու աշխատանքներն առաջին անգամ Հայաստանում ցուցադրվել են 2003-ին, այնուհետեւ նա ունեցել է 3 անհատական ցուցահանդես Փարիզում, Լոնդոնում, Բրյուսելում, ինչպես նաեւ ներկայացվել Մոնակոյում եւ 
«Առավոտն» այցելեց ցուցասրահ այն պահին, երբ ճանաչված քանդակագործ Դավիթ Երեւանցին, լսելով նկարների հեղինակին ուղղված գործընկերների կարծիքները, մի պահ հապաղելուց հետո շպրտեց. «ս… եղեք այստեղից: Ես հենց այսպես էլ պատկերացնում էի նրա ներքին աշխարհը, ինչը պարզ երեւում է նրա աշխատանքներում,- այնուհետեւ շրջվելով, փոքր-ինչ հեռու կանգնած Սվետլանա Հակոբյանին ասաց,- բրավո, շարունակե՛ք այսկերպ…»: Ի պատասխան՝ նկարիչը հազիվ լսելի ասաց. «Աչք ունեցողը կտեսնի, ականջ ունեցողը՝ կլսի…»:
Նկարչի կտավներում, նույնիսկ նատյուրմորտներում ու դիմանկարներում, ինչպես նաեւ «այլմոլորակային» աշխատանքներում, օրինակ՝ «Տիեզերական նրբություն» եւ «Տիեզերական բարքեր», գրեթե անհնարին է հանդիպել արտակարգ իրադարձությունների, բախումների կամ դրամատիկական կրքերի: Տպավորիչ ասած՝ կյանքը իր բնականոն ընթացքի մեջ է, այսպես է այն ընկալվում նկարչի կողմից: Մի խոսքով՝ կյանքի իսկական գեղեցկությունը արվեստագետը տեսնում է աշխատանքի բանաստեղծականության մեջ, նրա հիմնական իմաստը՝ մարդու արարման մեջ:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Աղաջանյան ընտանիքի կողմից հիմնադրված «Դար» հիմնադրամի գործունեությանը, որի գուցե գերնպատակն է Գեղարքունիքի Ծաղկունք գյուղը դարձնել բրենդ, տիկին Հակոբյանն ասաց, որ աշխատանքները սկսվել են դեռեւս 2003թ., գործում է եկեղեցին, 2006-ից էլ՝ կրթամշակութային հիմնարկ-դպրոցը, բարեկարգման աշխատանքներ են տարվում գյուղի ընդհանուր տեսքը գեղագիտական մակարդակի բերելու համար: Այս ամենը մեկ նպատակ է հետապնդում. զբոսաշրջիկը մտնելով գյուղ, առաջին հերթին պետք է տեսնի հայկական կոլորիտը: Ավելին, գյուղի հարակից շրջանում կվերականգնեն ու կզարգացնեն հայկական արհեստների հետ կապված «հիմնարկները»: Եկվորը կարող է նաեւ ցանկության դեպքում ապրել այստեղ: Կկառուցվի քարավանատուն, որտեղ կներկայացվեն հայկական ծեսերը: «Ճապոնացին, որ քաղաքակրթության առաջին հորիզոնականներից մեկն է զբաղեցնում, պահպանում է իր սովորույթները ու դրանով ներկայանում աշխարհին… Հենց այստեղ էլ մտադիր ենք կազմակերպել հայկական ծեսերից ամենատարածվածը՝ հարսանիքը, որը կարող են իրականացնել նաեւ արտերկրի հայերը»,- ասաց տիկին Հակոբյանը: Վերջինս հավելեց, որ Ծաղկունքում մտադիր են կառուցել ամֆիթատրոն, որի բացումը կկայանա կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանի «Սասունցի Դավիթ» երաժշտական ասքով:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ



















































