
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց նոր մանրամասներ դատարանի շենքից տեղի ունեցած փախուստի դեպքով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժնի օպերլիազոր Գագիկ Գահմանյանը և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Արշակ Հարությունյանը Շենգավիթի դատարան են տեղափոխում գողության կասկածանքով ձերբակալվածներ Էդմունդ Ծատուրյանին և Կարեն Թագվորյանին։
Դատարանի շենքում դատական կարգադրիչները Կ. Թագվորյանին ուղեկցում են դատական նիստերի դահլիճ, իսկ Է. Ծատուրյանը մնում է օպերլիազոր Գ. Գահմանյանի մոտ։ Այդ ժամանակ Է. Ծատուրյանին օպերլիազորը ուղեկցում է ընդհանուր զուգարան։ Արդեն զուգարանում ձերբակալված Է. Ծատուրյանը, տաբատը իջեցրած վիճակում, օպերլիազորից թուղթ է խնդրում։ Օպերլիազորը, երբ շրջվում է, որպեսզի թղթի հարցը լուծի, Է. Ծատուրյանը պատուհանից դիմում է փախուստի։ Օպերլիազորը փորձում է հետապնդել նրան, սակայն չի կարողանում բռնել։
Ֆոտոլրագրողը հայտնեց նաև, որ դատական կարգադրիչները օրենսդրորեն չունեն լիազորություններ, որպեսզի ձերբակալված անձանց վերցնեն իրենց հսկողության տակ և ուղեկցեն որևէ տեղ։ Նրանք միայն նման գործողություններ կատարում են դատարանի որոշմամբ կալանավորված անձանց նկատմամբ։
Կարդացեք նաև


















































