Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանայք, որոնց ամուսիններն ուժային մարմիններում են աշխատում, կաշկանդված են բռնության դեպքում դիմելու իրավապահներին․դատախազությունը պետք է զբաղվի Լիանա Մարգարյանի ահազանգով»․ իրավապաշտպան

Հունիս 15,2023 15:18

Լիանա Մարգարյանը, որի հորը սպանել է ամուսինը, վերջերս տեսանյութ է տարածել, որով, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում է տալիս։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ ասաց Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը։

Լիանա Մարգարյանը տեսանյութը տարածել է այն բանից հետո, երբ նրա եւ իր երեխաների լուսանկարները տարածվեցին «Որոնվում է» վերտառությամբ։ Կինը տեսանյութում ասում է, որ ինքն անհայտ կորած չէ, այլ երեխաների հետ թաքնվում է, եւ պատմում է այժմ արդեն նախկին ամուսնու կողմից կատարված հանցագործության մասին։

Լիանա Մարգարյանի պատմելով՝ 2020 թվականի մարտի 19-ին ամուսինը, 6-րդ վարչության նախկին աշխատակից Գոռ Հրաչի Տեր-Եսայանը, գտնվելով ալկոհոլի եւ թմրանյութերի ազդեցության տակ, իրենց բնակարանում կնոջ եւ երկու անչափահաս երեխաների ներկայությամբ կրակահերթ է արձակել АК-74 տեսակի ինքնաձիգից եւ սպանել աներոջը՝ 47-ամյա Արթուր Շավարշի Մարգարյանին։ Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` «Սպանություն շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով»։

Լիանայի ներկայացմամբ՝ Գոռ Տեր-Եսայանը քրեակատարողական հիմնարկում գտնվելու փոխարեն, Նուբարաշենի հոգեբուժարանում երկու տարի անցկացնելուց հետո հայտնվել է ազատության մեջ․ «Իրականացրած երկու փորձաքննությունները Գոռ Տեր-Եսայանին ճանաչել էին անմեղսունակ սպանություն կատարելու ժամանակ։ Վերջին՝ 3-րդ փորձաքննությամբ ոչ միայն հաստատվում է, որ նա մեղսունակ է եղել, այլ նաեւ բերվում են հիմնավորված կասկածներ նախորդ փորձաքննությունների եզրակացությունների օբյեկտիվության վերաբերյալ։ Նա փորձել է անառողջ ձեւանալ պատժից խուսափելու համար։ Այնուհետեւ, իբրեւ թե անցել է բուժում հոգեկան առողջության պահպանման կենտրոնում, եւ երկու տարի հետ հայտնվել ազատության մեջ։ Այս ընթացքում նա բազմիցս սպառնացել, ահաբեկել է կնոջ քրոջը, մորը, տատիկին եւ այլ անձանց: Ունեմ տեղեկություններ, որ նրա հարազատ եղբայրները, մայրը նույնպես դիմել են ոստիկանություն, դատախազություն, քանի որ նրանց էլ է սպառնում՝ կտակի եւ ժառանգության վեճերից ելնելով։ Կան հարուցված քրեական նոր գործեր։ Այս ընթացքում նա փնտրում է բոլոր հնարավոր մեթոդներն՝ իմ դեմ քայլեր անելու, սկսած՝ ինձ խոշոր ֆինանսական պահանջներ ներկայացնելուց եւ իմ հանդեպ հետախուզում հայտարարելուց, վերջացրած իմ հանդեպ քրեական գործեր հարուցելու սպառնալիքներից»։

Լիանա Մարգարյանն ասում է, որ ամուսնալուծության գործընթացը դատական փուլում է, դատավոր Լիլիթ Սարգսյանը բավարարել է Տեր-Եսայանի կողմից ներկայացրած միջնորդությունները՝ երեխաների հետ տեսակցության օրեր սահմանելու եւ կնոջից՝ Լիանա Մարգարյանից 40 մլն դրամ բռնագանձելու վերաբերյալ։ ԴԱՀԿ-ն հետախուզում է հայտարարել Լիանա Մարգարյանի նկատմամբ։

«Այս ամենից հետո, կարծում եմ, պարզ է, թե ինչքան վտանգավոր է իմ ու երեխաների գտնվելու վայրը բացահայտել»,-տեսանյութում ասում է Լիանա Մարգարյանը։

Այսօր հրավիրված քննարկման ժամանակ Զարուհի Հովհաննիսյանը դեպքի վերաբերյալ ասաց՝ կինն ահազանգում է, որ նրա եւ երեխաների կյանքին սպառնում են, ոստիկանությունը պետք է միջոցներ ձեռնարկի եւ օրենքով սահմանված պաշպանական միջոցներ կիրառի, օրինակ՝ արգելի ամուսնուն մոտենալ, չհետապնդել կնոջը, սակայն այս ամենը իրականացնելու համար ոստիկանությունը պետք է նրա գտնվելու վայրը իմանա։

«Դատական գործընթաց կա, այստեղ ավարտված է նախաքննության մարմինների գործողություների շղթան, նրանք այս պահին պատասխանատվություն չեն կրում։ Բայց այստեղ կարեւոր է, թե որքան զգայուն են խնդրի նկատմամբ դատական մարմինները, ինչպես են փորձաքննությունները դիտարկվում, որովհետեւ կինն ասում է, որ կատարվել են դատահոգեբանական, դատահոգեբուժական փորձաքննություններ, եւ վերջինը կասկածի տակ է առել նախորդ երկուսի եզրակացությունները։ Ուրեմն՝ դատական մարմնի խնդիրն է բացահայտել՝ արդյոք եղել են կոռուպցիոն գործարքներ, իրո՞ք փորձաքննությունները կատարել են բոլոր չափանիշներին համապատասխան, անձը երկու տարի գտնվել է հոգեկան առողջության պահպանման կենտրոնում փորձաքննության հիմքի վրա, թե՞ խուսափել է արդարադատությունից»,-ասաց Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ կարեւոր է նաեւ երեխաների հետ տեսակցության վերաբերյալ որոշումը․ «Մենք տարիներ շարունակ բարձրաձայնում ենք այս խնդիրը՝ երբ ընտանիքում բռնություն է տեղի ունենում, երեխաներն ականատես են լինում բռնությանը, ինչպե՞ս են լուծվում երեխաների խնամքի եւ տեսակցության հարցերը։ Համակարգում այս խնդրի հետ կապված շատ խնդիրներ կան։ Բռնություն գործադրած ծնողին տալիս են երեխայի մշտական խնամքի իրավունք, բռնանարի տունը՝ որպես բնակության վայր երեխաների համար։ Իսկ Լիանա Մարգարյանի դեպքում տեսակցությունները նշանակվել են առանց որեւէ անձի ներկայության, ինչը խնդրահարույց է»։

Հովհաննիսյանն ասաց, որ իրենց կոալիցիայի հետազոտություններն ու իրականությունը ցույց են տալիս, որ այն կանայք, որոնց ամուսիններն ուժային մարմիններում են աշխատում, բավականին կաշկանդված են բռնության դեպքում իրավապահներին դիմելու հարցում․ «Անցյալ տարի հետազոտություն իրականացրեցի, օրինակ` մարզերից մեկում կինը պատմել էր, որ դիմել էր ոստիկանություն, որտեղ նրան ոստիկանները համոզում էին դիմումը հետ վերցնել, որովհետեւ բռնարարն իրենց ընկերն է եղել, կամ բարեկամը, ընկերը»։

Հովհաննիսյանի պնդմամբ՝ դատախազությունը պետք է զբաղվի այս գործով, դատարանը պետք է բացահայտի, թե պետական ո՞ր մարմիններում են եղել բացթողումները, եւ պարզի՝ ինչպե՞ս է ստացվել, որ դատական մարմիններում երեխաների լավագույն շահը հաշվի չի առնվել։

 Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930