
Վարչապետի խոսքերով, Ռուսաստանի հետ արդեն կա պայմանավորվածություն փոխադարձ այցելություններ, ինչպես նաեւ գյուղատնտեսական եւ առհասարակ համատեղ նոր ձեռնարկություններ ստեղծելու վերաբերյալ: «Առաջիկա ամիսներին մի քանի ոլորտներում նոր ծրագրեր կունենանք»,- վստահեցրեց ՀՀ վարչապետը: Ռուսաստանի վարչապետի տեղակալ Վիկտոր Զուբկովն էլ, անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հետ երեկվա հանդիպմանն, ասաց, որ նախորդ տարվա համեմատ 15,5 տոկոսով աճել է 2 երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը, ինչը վերջին 4 տարիների ընթացքում լուրջ առաջընթաց է. «Ապրանքաշրջանառությունը հասել է 994,4 միլիոն դոլարի: Քննարկել ենք հնարավոր համագործակցության նոր ուղղությունները, մասնավորապես գազաէներգետիկ նախագծերի, Հրազդան ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքներն ավարտին հասցնելու հարցեր»:
Նրա խոսքերով, Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման աշխատանքներն արագացնելու ու Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը մեր երկրում բացելու համար նույնպես աշխատանքներ են տարվելու:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































