
Նույն օրը ավելի վաղ նրանց էին միացել ԱԺ պատգամավորներ Անահիտ Բախշյանը և Լիլիթ Գալստյանը: Ոգևորված այս ճշմարտացի գաղափարի շուրջ հասարակության տարբեր ներկայացուցիչների համախմբվածություննից` քաղաքացիները իրենք իրենց ուժերով դադարեցրին կանաչ տարածքում ընթացող ապօրինի շինարարությունը:
Ողջունելի է մեր քաղաքի միջավայրի համար այս կենսական խնդրով մտահոգ, բայց և իրական, գործուն քայլերով լուծումներ առաջարկող քաղաքացիների ինքնաբուխ գործունեությունը: Ավելորդ չի լինի նշելը, որ անտանելի ցրտի պայմաններում Մաշտոցի պուրակի ամբողջականությունը պաշտպանողների հայրենասիրությունը և օրինապաշտությունը կարող են օրինակ ծառայեն բազմաթիվ անձանց համար, ովքեր, այսօր զբաղեցնելով որոշում կայացնողի պաշտոններ, աչք են փակում քաղաքի կենտրոնում կառուցապատման նման բացահայտ և խայտառակ ապօրինությունների վրա:
Նույն այդ որոշում կայացնողներից այսօր հանրության ակնկալիքներն ավելի մեծ են, քան նրանք կարող են պատկերացնել:
Կարդացեք նաև
Մասնավորապես, մինչ բազմաթիվ բողոքներից հետո քաղաքապետարանը զբաղված է ձնապատ փողոցների մաքրման աշխատանքներում սեփական ջանասիրությունը ապացուցելով` քաղաքացիները միաժամանակ ակնկալում են ռեալ քայլեր` ապօրինի շինարարության կասեցման, կանաչ տարածքների նկատմամբ ոտնձգության հեղինակներին պատժելու և քաղաքացիների նկատմամբ հաշվետու վերաբերմունքի ձևավորման ուղղությամբ: Հատկապես վերջինի` հաշվետու վերաբերմունքի բացակայությունը և ձեռառնոց հիշեցնող «հիմնավորումների» հրապարակումը Երևանի քաղաքային իշխանությունների կողմից ակնհայտորեն գցում է վերջիններիս առանց այն էլ անկայուն վարկանիշը:

Վերջին լուրերը կայծակնային արագությամբ տարածվում են Ֆեյսբուքով և այլ սոցիալական ցանցերով: Րոպեներ առաջ բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը դեպքի վայրից գրում է, որ նորից տարածք են մտել բանվորներ, ովքեր ուզում են շարունակել աշխատանքները, սակայն քաղաքացիները պնդում են, որ հանդիպում են պահանջում շինարարական աշխատանքների ղեկավարի հետ, և քանի որ իրականացվող կառուցապատումն անօրինական է, աշխատանքները չպետք է շարունակվեն:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 9:00-ից ակտիվիստների տարբեր խմբեր` ԶԼՄ-ների և ազատ քաղաքացիների մասնակցությամբ, հսկում են տարածքը երկու-երեք ժամանոց հերթափոխով: Նրանք վճռական են տրամադրված և պահանջում են կրպակների վերջնական ապամոնտաժում, որպեսզի Մաշտոցի պուրակն իր նախկին տեսքով վերադարձվի հանրությանը:
«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն


















































