
«Այս գիրքն առանձնանում է նյութի համակարգով. ի մի են բերվել յուրաքանչյուր հուշարձանի մասին եղած եւ նոր հայտնաբերված տվյալները: Օգտագործել ենք Թորոս Թորամանյանի լուսանկարների մի մասը: Անդրադարձ կա այնպիսի շինություններին, որոնց մասին նախկինում չի խոսվել»,-հայտնեց բանախոսը եւ հավելեց, որ հուշարձանների մի մասը ներկայացված են նախկին եւ թվային վերականգնման արդյունքում ստացված տեսքով. «Պարգեւ Ֆրանկյանի նախագիծն էր դա, որի արդյունքում թվային վերականգնում են ստացել 7 հուշարձաններ, օրինակ` Բեխենց կամ Կուսանաց վանքը` եռաչափ մոդելավորմամբ»:
Հուշարձանագետի խոսքերով` շուրջ 660 լուսանկար պարունակող գիրքը նախատեսված է հիմնականում գիտական շրջանակների համար: Անդրադառնալով Անիի ճարտարապետական նշանակությանը` Սամվել Կարապետյանը նշեց, որ համաշխարհային ճարտարապետության մեջ Անին խտացնում է հայկական ճարտարապետական մտքի բոլոր հանճարեղ մտահղացումները. «Օրինակ` Հովվի տաճարների կամարները խաչվել են օդում: Անին «ճարտարապետության խրախճանք» է եղել եւ առեւտրական կապեր ունեցել ողջ աշխարհի հետ: Մայր տաճարի ջահը բերված է եղել Հնդկաստանից…»:
Խոսելով Հայաստանում կառուցվող նոր եկեղեցիներից` բանախոսը նշեց, որ ցանկալի կլիներ տեսնել հին եկեղեցիների նմանությամբ շինություններ: «Օրինակ` Հրազդանում կա Անիի Հովվի եկեղեցու մանրակերտով կառուցված եկեղեցի: Ես ողջունում եմ զարգացող շինարարությունը, սակայն ճիշտ չէ կառուցապատումը կենտրոնացնել միայն Երեւանում»,-ասաց հուշարձանագետը:
Կարդացեք նաև
«Առավոտի» հետ զրույցում էլ ասաց, թե չափազանցված են այն տեղեկությունները, որ Անիի հատակագծի գրեթե նույն չափով եղել է նաեւ ստորգետնյա բերդաքաղաք:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































