
Մինչդեռ Սասուն Միքայելյանի շտաբի պետը կարծում է, որ հիմնական գործոնը եղել է հենց ընտրակաշառքն ու հավելում. «Ընտրակաշառքը համատարած բաժանվել է Արամ Դանիելյանի կողմից, դա փաստ է, եւ ոչ ոք չի կարող դա ժխտել, Արամ Դանիելյանի մոտ էլ ոչ մի տեսաերիզ կամ ձայնաերիզ չի կարող լինել, որ մենք կաշառք ենք բաժանել»:
Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, ավելի քան 1500 ձայնի առավելությամբ, հաղթանակ է տարել գործող քաղաքապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Արամ Դանիելյանը:
Անդրադառնալով Հակոբ Ավագումյանի մեղադրանքներին, թե «դրսից» 4000 մարդ է բերվել Հրազդանի գործող քաղաքապետի օգտին քվեարկելու համար, հաղթած Արամ Դանիելյանն էլ այսօր «Հայոց աշխարհ» թերթի թղթակցին ասել է. «Նման բան չէր կարող լինել, որովհետեւ ՀԱԿ-ի կարկառուն դեմքերը, Նիկոլ Փաշինյանից սկսած, մանրամասն ուսումնասիրում էին ե՛ւ ընտրողների ցուցակները, ե՛ւ անձը հաստատող փաստաթղթերը։ Պատկերացրեք` ՀԱԿ-ի ներկայացուցիչներն ինչ աղմուկ կբարձրացնեին, եթե իրականում որեւէ տեղամասում որեւէ լուրջ խախտում արձանագրվեր։ Երեւի հիասթափված են, որ տեղամասերում լցոնումների, բռնությունների դեպքեր չեն եղել, դրա համար էլ խոսում են «անտեսանելի» կեղծիքների մասին»։
Կարդացեք նաև
Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով այս տեսակետին էլ, Հակոբ Ավագումյանն ասաց. «Հարցն այն է, որ դա այնքան կազմակերպված ձեւով են անում, որ դրա հայտնաբերելը շատ դժվար է: Եթե մարդը գալիս է ու անձնագրով քվեարկում, ոչ ոք չի կարող նրան բան ասել: Այդ դեպքերը շատ մանրակրկիտ կազմակերպված են, որ մենք չկարողանանք հայտնաբերել»:
Պարոն Ավագումյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք ճի՞շտ էր ընտրությունների արդյունքները չբողոքարկելու մասին որոշումը, արդյոք դա շահարկումների առիթ չի՞ տալիս: «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել, վերջնական ամփոփումը լինի, վերջնական որոշում կայացվի՝ մենք եռօրյա ժամկետ կունենանք ամփոփելու համար: Բայց վերջնական որոշում կայացնողը թեկնածուն է, նա էլ կորոշի՝ բողոքարկել, թե՝ ոչ»,-ասաց նա:
Որ ԸԸՀ-ի վերջնական որոշումը նախնական արդյունքներում որեւէ էական բան կփոխի` նաեւ պարոն Ավագումյանը չի սպասում, բայց հարցին՝ չի՞ բացառվում, որ Սասուն Միքայելյանը վերանայի իր որոշումը եւ բողոքարկի ընտրությունների արդյունքները, պատասխանեց. «Իհարկե՝ չի բացառվում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































