
Այսօր այդ հանդիպման մասին իրենց տպավորությունը հրապարկեցին նաեւ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները:
«Առավոտը» դիմեց նաեւ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին հարցով, թե ի՞նչ տպավորություն է նաս ստացել քաղաքապետի եւ գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումներից: Տիկին Բախշյանը պատմեց.«Երեքշաբթի հանդիպեցինք քաղաքապետի հետ, իսկ չորեքշաբթի` գլխավոր ճարտարապետի: Խոսվեց Մաշտոց-Կողբացի հատվածում անօրինական շինությունների մասին: Հարցադրում եղավ` ո՞ւր է նախնական որոշումը, ինչի՞ հիման վրա եք սկսել այդ շինարարությունը, ո՞վ է կառուցում, ո՞վ է ֆինանսավորում եւ այլն: Մեզ ոչ մի փաստաթուղթ ցույց չտվեցին: Ասացին, որ քաղաքապետարանն է այդ շինարարության տերը: «Մետելիցա» սրճարանի աջ կողմի ապակեպատ կրպակները քաղաքապետարանն է կառուցել, բայց ձախ կողմինը, կարծում եմ, որ քաղաքապետարանը չի արել: Ինչ-որ մարդիկ պղտոր ջրում ձուկ են որսացել: Կոնկրետ «Մետելիցայի» կողքի այդ ավելացրած հատվածի մասին ե’ւ քաղաքապետը, ե’ւ գլխավոր ճարտարապետն ասացին, որ ապօրինի է: «Ֆեյսբուքում» երեկ տարածված բանտարկված ծառի լուսանկարում առկա շինարարության մասին ասացին, որ պետք է ապամոնտաժվի»:

Կարդացեք նաև
«Եվ ի՞նչ, որեւէ բան փոխվե՞ց այդ հանդիպման արդյունքում»` մեր այս հարցին պատգամավորի պատասխանը հուսադրող չէր.«Այսօր առավոտյան կառավարության նիստից առաջ քաղաքապետի հետ հանդիպեցի, հարցրեցի` եւ ի՞նչ, ի՞նչ պիտի լինի, ասաց` սկսում ենք: Ասացի` ի՞նչը, թե` շինարարությունը: Ասացի` ո՞նց, հիմա պետք է կառուցվի՞, ասաց` այո»: Ի՞նչ է ստացվում` այդ հանդիպումները ձեւակա՞ն էին, «գալոչկայի» համա՞ր էին` մեր այս հարցին էլ տիկին Բախշյանը պատասխանեց.«Այո, հենց այդպես էլ կա: Հանդիպեցին, ցույց տվեցին, իբրեւ թե լսում են հասարակությանը, հասարակական կարծիքն իրենց համար իբրեւ թե կարեւոր է, բայց փաստորեն իզուր էր, ոչ մի հետեւություն չարվեց, անգամ «Մետելիցայի» կողքի շինությունը, որը խոստացել էին ապամոնտաժել` ոչինչ չարվեց, ծառը շարունակում է բանտարկված մնալ»:


















































