![IMG_6143[1]](https://www.aravot.am/wp-content/uploads/2012/02/IMG_614311-300x224.jpg)
Այսօր այգում նաեւ «ստաժավոր» ակտիվիստների մեծարման երեկո էր: Ակտիվիստները ներկայացնում էին, թե ովքեր են առաջին իսկ օրվանից իրենց կողքին եղել. «Բոլոր տղաները, ովքեր վախենում են մրսել, ասենք, որ առաջին օրվանից այս աղջիկն այստեղ է եղել, էս տան կնիկն է դարձել, կոպիտ ասած: Նայեք իրեն, ինքը ավելի շատ տղա է»,-Անահիտին այսպես ներկայացրեց Գոռը:
Ակցիայի մասնակիցների հետ էր նաեւ երգիչ Արթուր Իսպիրյանը: Նա ասաց, որ եկել է որպես բնապահպան եւ կոչ արեց գործընկերներին միանալ իրեն. «Այսօր ես իմ տղային ասում եմ՝ արի գնանք այգի, ասում է՝ չեմ գա էն այգին, այնտեղ երկաթներ կան ու միլիցիոներներ»: Մեր հարցին՝ պայքարի ո՞ր ձեւերն են ձեզ համար ընդունելի, ի՞նչ անել, տաղավարները ոտքի տա՞կ տալ՝ նա պատասխանեց. «Ոչ ոք պետք է անտարբեր չլինի, բոլորը պետք է այս խուլիգանության դեմ պայքարեն: Այգին պետք է մնա այգի»: Մեր հարցին՝ չե՞ք վախենում քաղաքական հետապնդումներից եւ չեք՞ վախենում, որ ձեզ ակտիվիստների կողքին տեսնելով՝ հետագայում ձեր տեսահոլովակները հեռուստաեթերով չեն ցուցադրվի, նա պատասխանեց. «Իմ այգին է սա, իմ քաղաքի՞ց պետք է վախենամ, սա քաղաքական պայքար չի: Տեսահոլովակ չունեմ եւ չեմ էլ ուզում. ինձ համար մեծ պատիվ է հեռուստատեսությամբ չերեւալը»:
Քաղաքապետարանից ակտիվիստներին կանչել են եւ ասել, թե «մենք գիտենք ձեր թիկունքին ովքեր են կանգնած»: Ակտիվիստների խոսքերով՝ «Մեզանից ոչ ոք այսօր քաղաքականացված չէ, որպես քաղաքացի է այստեղ, եւ եթե կա ինչ-որ քաղաքական գործիչ, որ «տակերով» ասում է, թե այս ամեն ինչը ես եմ կազմակերպել, կամ քաղաքական ուժ, որ ասում է՝ ես եմ դրա թիկունքին կանգնած, մենք բոլորս միասին մեր մատով իրենց աչքերը կհանենք ուղղակի: Չի կարելի, նման արտահայտություններ մի՛ արեք»:
Կարդացեք նաև
Ակտիվիստները որոշեցին վաղը առավոտյան ժամը 10-ից նորից հավաքվել. «Ուղղակի ծնկաչոք աղաչում ենք, ամեն մեկդ ձեր հետ 10 հոգի մարդ բերեք: Քաղաքապետարանում նստած մարդիկ, ճիշտէ մի պահ շեղվել են, բայց մենք իրենց խնդրում ենք՝ դարձի եկեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































