
Օրենքի շրջանակներում լուծումը մեկն էր. քաղաքապետարանը պետք է փոխհատուցեր, այսինքն՝ տվյալ տաղավարները գնեինք իրենցից եւ հարցը փակեինք, երկրորդ տարբերակն էլ համարժեք ժամանակավոր տեղ գտնելն էր տաղավարների տեղադրման համար: Այսինքն՝ մինչեւ «Հին Երեւան» ծրագիրը սկսի աշխատել, այդ տաղավարները պետք է մնան Մաշտոցի պուրակում: Ես էլ Երեւանի էկոլոգիական վիճակից առանձնապես գոհ չեմ, իհարկե՝ կանաչ տարածքները պետք է շատացնենք, դա բոլորիս ցանկությունն է, քանի որ մեր երեխաները մեծանում են այս քաղաքում: Բայց մենք չպետք է մոռանանք, որ մարդիկ ունեն սեփականություն, եւ մենք պարտավոր ենք հարգել նրանց իրավունքները կամ օրենքի շրջանակում լուծումներ առաջարկենք:
Այժմ քաղաքապետարանի առաջարկած լուծումը եւ այդ տաղավարների ժամանակավոր տեղափոխությունը մեզ համար համարվում է ամենաօպտիմալ տարբերակը, քանի որ Երեւան քաղաքը այդպիսի բյուջե չունի, որպեսզի տաղավարների սեփականատերերին միանգամից փոխհատուցում տա, եւ նրանք էլ իրենց տաղավարները վերացնեն: Ես ուղղակի խնդրում եմ, որ Մաշտոցի այգու «պաշտպանները» հարգեն մարդու սեփականության իրավունքը եւ կարողանան մինչեւ պայմանագրի ժամկետի լրանալը կամ «Հին Երեւան» ծրագրի մեկնարկը համբերատար լինել: Ես այս ամենն ասում եմ որպես այս քաղաքի խնդիրներով մտահոգ քաղաքացի:
Պետք է նշեմ, որ քաղաքի մյուս հատվածներում էլ գտնվող կրպակները հանվել են այն ժամանակ, երբ Երեւանի քաղաքապետարանի հետ նրանց պայմանագրերի ժամկետները լրացել են, օրինակ՝ այժմ Մոսկովյան փողոցի վրա կան կրպակներ, որոնց պայմանագրերի ժամկետը լրանալու է 2015թ., իսկ այժմ այդ կրպակներն իրենց տեղում են, ոչ ոք չի կարող իրենց տեղերից հանել, քանի որ այն կլինի օրենքի շրջանակներից դուրս, վաղաժամկետ կարող են հանվել այն դեպքում, երբ դու կարող ես փոխհատուցել:
Կարդացեք նաև
Բնապահպանների մտահոգությունը ես իսկապես կիսում եմ, քանի որ այն ոչ միայն Երեւան քաղաքին է վերաբերում, այլ նաեւ կանաչ գոտիների պահպանմանը բոլոր քաղաքներում: Այս ծրագրերն էլ քաղաքապետարանի կողմից շարունակական բնույթ են կրելու: Այս օրերի ընթացքում այդքան շատ, կարծում եմ՝ նաեւ արհեստականորեն, շահարկվեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունը, ում հանիրավի կապում են այդ ամենի հետ, սակայն այդ կրպակները տեղադրվել են 4-5 տարի առաջ: Կցանկանայի շեշտել, որ Աբովյան փողոցը վերադարձվեց երեւանցիներին, ինչը այս պատմության մեջ դրական ձեռքբերումներից էր, որը, չգիտես ինչու, հետեւողականորեն անտեսվում է: Մաշտոցի այգու այդ հատվածը բարեկարգված չէր եւ անմխիթար վիճակում էր, այգու բարեկարգումն էլ քաղաքապետարանի առաջիկա ծրագրերի մեջ է մտնում»:
ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































