Լրահոս
Օրվա լրահոսը

Հացի թանկացում՝ հանրապետության ամենաընչազուրկ քաղաքում

Փետրվար 28,2012 13:06

Գյումրեցիները իշխանություններին 0 ձայն են խոստանում, եթե հացը չէժանանա

Մի քանի օր առաջ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Շիրակը ճանաչվեց հանրապետության ամենաաղքատ մարզը: Զավեշտալին այն է, որ պաշտոնապես ընչազուրկի կարգավիճակն ստանալն ու Գյումրիում հացի գների թանկացումը մեկ եղան: Ուրբաթ օրվանից 310-370 գրամանոց հացը թանկացել է 10-20 դրամով, այսինքն՝ գյումրեցիները ստիպված են նախկին 100-110 դրամի փոխարեն վճարել 120-130 դրամ: Իսկ սա նշանակում է, որ նրանք պիտի կրճատեն հացի չափաբաժինը, այսինքն՝ օրական միջինը 3-4 հաց գնելու փոխարեն պիտի բավարարվեն 2-3 հացով:

Սա այնպես է զայրացրել գյումրեցիներին, որ վերջիններս հեռուստաեթերով ծաղրուծանակի են ենթարկում կառավարությանը: «Ապրեք դուք, շեն ու շնորհքով մնաք, որ Գյումրին էսպես դատարկում եք, ով դեռ ոտք ունի՝ իր ոտքով կթողնի կգնա, ով էլ չունի՝ մեջքի վրա պառկած կգնա, մեկ է՝ գնալու ենք»,- հայտարարում էր մի ծեր կին: Իսկ թե ում մտահղացմամբ է իրականացվել թանկացումը, խանութատերերի պնդմամբ՝ հինգշաբթի օրը քաղաքի բոլոր հացի փռի տերերը ժողով են կազմակերպել ու եկել են փոխադարձ համաձայնության: Խանութատերերի խոսքերով՝ հացի արտադրամասի սեփականատերերը չեն համբերել անգամ ալյուրի գների կարգավորմանը՝ նկատելով, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող  ալյուր ներկրող ընկերությունը 50 կգ ալյուրը թանկացրել է 2 դոլարով, եւ օլիգարխից առաջ են ընկել:

«Առավոտը» ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հետաքրքրվեց, թե հացի գների թանկացում արձանագրվե՞լ է մայրաքաղաքում: Ըստ հանձնաժողովի՝ «Մենք ամենօրյա մոնիթորինգ ենք անցկացնում մայրաքաղաքի բոլոր սուպերմարկետներում, այդ թվում՝ գնային դիտանցում, եւ հացի գնի թանկացում չի արձանագրվել»:

Ստացվում է, որ Գյումրին անտեր ու անկառավարելի քաղաք է դառնում, ով ինչ ուզում՝ անում է: Գյումրեցի գործարարները ինքնագլո՞ւխ են այս քայլին դիմել, թե՞ կան օբյեկտիվ պատճառներ, այս հարցը պարզաբանելու համար «Առավոտը» դիմեց տնտեսագետ Կարեն Պետրոսյանին: Ըստ մեր զրուցակցի՝ թեեւ վերջին շրջանում միջազգային շուկայում 3-5% ցորենի գնաճ նկատվում է, սակայն միջազգային գներով պայմանավորված՝ Գյումրիում հացի 20% թանկացումը բացառվում է: Տնտեսագետի ներկայացմամբ՝ ամենամեծ խնդիրն այն է, որ Հայաստանում ալյուրի ներմուծման ոլորտը ամբողջությամբ մենաշնորհային է: «Այստեղ տնտեսական մրցակցության հանձնաժողովը կարեւոր գործառույթ ունի՝ համեմատելու միջազգային շուկայում առկա գները, դրան ավելացված, ասենք, տեղափոխման տրանսակցիոն ծախսերը եւ նաեւ այն, թե ինչ գնով է Հայաստանում վաճառվում: Կարեւորագույն խնդիր է, թե ինչու Հայաստանում այլ տնտեսվարողներ չկան, ովքեր զբաղվում են ցորենի ներմուծմամբ, եւ 3-րդ՝ ինչո՞ւ են ներմուծում հիմնականում ուկրաինական ցորենը, մանավանդ, որ մենք գիտենք՝ միջազգային շուկայում ցորենի հաստատված գները որակյալ ցորենի համար են, իսկ անորակ ցորենը բավականին մեծ գնային տարբերություն ունի: Մեզ մոտ ներմուծելով որոշակի ոչ որակյալ ցորեն՝ այն ներկայացվում է որպես որակյալ: Կարծում եմ՝ այս ոլորտը հետազոտման եւ գնահատման կարիք ունի»,- ասաց Կ. Պետրոսյանը: Նա համոզված է, որ տվյալ դեպքում Գյումրիում հացի գների թանկացումը պայմանավորված է հաց արտադրողների ներքին համաձայնությամբ, եւ դա այնքան էլ կապված չէ ալյուր արտադրողների կամ ներմուծողների հետ. «Իրենք ալյուրը ձեռք են բերել հին գնով, եւ կարող էին մինչեւ նոր գնով ձեռք բերելը գների բարձրացում չանել 1-2 օր, մինչդեռ հենց առաջին իսկ բարձրացված օրը հացի գների բարձրացում արձանագրվեց հենց Գյումրիում: Սա նշանակում է, որ մեր քաղաքում ոչ մրցակցային միջավայր է, եւ տնտեսական մրցակցության հանձնաժողովը այս առումով եւս Գյումրիում անելիք ունի: Միգուցե հաց արտադրողները իրենց շահարկումը կանեն, կասեն՝ ալյուրի գինը բարձրացել է 20%-ով, մենք էլ մեր գինը կբարձրացնենք 20%-ով, մինչդեռ դրա իրավունքը իրենք չունեն: Եթե ալյուրի գինը 20%-ով է բարձրացել, եւ հացի գնի մեջ ալյուրի գինը 50% է, հացի գինը 10%-ից ավելի չի կարող բարձրանալ: Մինչդեռ իրենք ուղիղ համեմատական են անում եւ հավելյալ եկամուտներ ստանում. սա ոչ մրցակցային է: Եթե մրցակցություն լիներ, հացի գինը կբարձրացնեին ալյուրի գնի բարձրացման չափով եւ ոչ թե ալյուրի գնի տոկոսին համահունչ: Մինչդեռ իրենք ավելին են բարձրացնում, քան ինքնարժեքով է պայմանավորված»,- վստահեցրեց տնտեսագետը: Նրա խոսքերով՝ Հայաստանում տնտեսությունը խիստ քաղաքականացված է. «Երկրի առաջին դեմքերը, մանավանդ որ դիմացը ընտրություններ են, միգուցե ներմուծողներին զսպեն, միգուցե չզսպեն, որովհետեւ գնային բարձրացումները լուրջ ռեսուրսներ են ընտրապայքարի համար»,- եզրափակեց Կ. Պետրոսյանը:

Ի դեպ, գյումրեցիները տներից դուրս են անում ընտրացուցակ ճշգրտող ՀՀԿ-ականներին՝ ընտրություններին նրանց 0 ձայն խոստանալով:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829