Նախկին ՕԵԿ –ական պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը երեկ ԱԺ հայտարարությունների ժամին հերթագրվել Էր՝ ելույթ ունենալու համար։ Բայց երբ հերթը հասավ , նա հայտարարեց , որ հանում է ելույթը։ «Ո՞ւմ համար ելույթ ունենայի , նենց էին փախել , բա չտեսա՞ք դահլիճում ովքեր էին նստած։ Ես ասացի , որ բան ունեի ասելու , բայց քանի որ չկան այն մարդիկ , ովքեր պետք է լսեն , չեմ կարծում , որ ճիշտ կլինի այդպես խոսել , որովհետեւ կստացվի , որ հետեւից ինչ –որ բան եմ խոսում։ Ես ուզում էի դեմքներին ասեի , որ ամեն ինչ այնպես չէ , ինչպես դուք եք ուզում , որովհետեւ քաղաքականությունը բիզնես չէ , իսկ դուք քաղաքական բիզնեսմեններ եք , վերջ տվեք ձեր անպարկեշտություններին։ Եվ էլի շատ բան ունեի ասելու» ,- մեզ հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։ Նա ուզում էր իր խոսքն ուղղել ՕԵԿ –ին , որի շարքերը լքեց օրեր առաջ։ Մյուս քառօրյայում Բաղդասարյանն իր ասելիքը կասի , եթե ՕԵԿ –ը շարունակի իր հասցեին հայտարարություններ անել։ Ըստ նրա , ՕԵԿ ղեկավարներն ասում են՝ փորձելու են իրեն ջնջել. «Ես հենց դա էի ուզում պարզել , թե այդ ոնց են ինձ ջնջելու , չտեսա՞ք , որ չեք կարող։ Ինձ դրել են մատիտով գրած մի հատ հետքի տեղ , որ հեսա ռետինը վերցնելու են ու ինձ ջնջեն։ Դժվար է»։ Հարցին՝ ՕԵԿ –ից դուրս գալուց հետո բիզնեսում խնդիրներ չե՞ք ունեցել , նա պատասխանեց. «Իմ բիզնեսին չեն կարող ոչինչ անել , որովհետեւ ես հարկերը ժամանակին ոչ թե վճարում եմ , այլ մի բան էլ ժամանակից շուտ եմ վճարում։ Իմ նպատակն է , որ այդ մարդիկ այլեւս չունենան այդ հնարավորությունը՝ իմ նմաններին մատների վրա խաղացնել եւ թալանել»։
«Հայկական ժամանակ»
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: