Այսօր Մաշտոցի այգում առավոտյան հավաքվել էին մի քանի բնապահպաններ եւ մոտ մեկ տասնյակ ոստիկաններ, որոնք հսկում էին կրպակները:
Այգում զբոսնելու եկած 4-ամյա Նարեն ու Վահեն խնդրում էին կարուսելների, կանաչ տարածքների փոխարեն կրպակներ չտեղադրել. «Մենք սիրում ենք այգին»,- վստահեցնում էին երեխաները:
Բնապահպան Գոռ Հակոբյանին խնդրեցինք մեկնաբանել` հավատո՞ւմ են վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա հայտարարությանը, որ իրենց համար իսկապես կարեւոր է հանրության կարծիքը եւ հաշվի են նստելու այդ կարծիքի հետ. «Հավատալ-չհավատալու հարց չկա այստեղ, մենք գործով ենք որոշելու՝ ինչը ոնց է կատարվում: Մենք հստակ պահանջները դրել ենք, պահանջում ենք, որ դրանք իրականացվեն: Մեր պահանջն է` անհապաղ կրպակներն ապամոնտաժել, այգին բարեկարգել եւ հանրային տարածքը վերադարձնել հանրությանը: Դա իշխանությունների բարի կամքի դրսեւորումը չէ: Տպավորությունն այնպիսին է,որ իշխանությունները կամ քաղաքապետարանը ինչ-որ բարի գործ պետք է կատարի: Սա նրանց պարտականությունն է: Երբ նշում են, որ այս այգին բարեկարգ չի եղել, դա նրանց խնդիրն է, որ ժամանակի ընթացքում ուշադրություն չեն դարձրել դրան ու հասել է այդ վիճակին»:
Կարդացեք նաև

Բնապահպանը նշեց, որ սա խուճուճ պատմություն է, շատ պատասխանատու մարմինների խոսքն իրար հակասում է, օրինակ` Հանրային խորհրդում գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշել է, որ դրանք քաղաքի սեփականությունն են եւ փոխհատուցման հարց չկա, իսկ քաղաքապետը փետրվարի 21-ին այլ բան հայտարարեց` ասելով,որ պետք է փոխհատուցեն:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք` եթե ձեր պահանջները չկատարի իշխանությունը, ի՞նչ քայլերի կդիմեք, հնարավո՞ր է ժողովուրդն իր ձեռքով քանդի կրպակը` ակտիվիստներն ասացին, որ ամեն ինչ կորոշվի տեղում, ոչինչ չեն ծրագրում, բայց եթե պահը հասունանա` հնարավոր է նաեւ նման բան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































