
Բագրատ Ասատրյանը համոզված է, որ այսօր առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծով իշխանությունն ուզում է օրինական դարձնել հնարավոր «Մարտի 1»-երի նույն գործողությունները:
Նրա ընդդիմախոսը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն էր: Լրագրողները հիշեցրին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի «դեմ» տեսակետը օրինագծի մասին, ինչին ի պատասխան` պարոն Դավթյանն ասաց. «Ռաֆիկ Պետրոսյանը մեկ անգամ չէ, որ բոլորովին այլ կարծիք է արտահայտում, եկեք հարգենք նրա կարծիք արտահայտելու իրավունքը, դա նրա կարծիքն է, իրավաբան մասնագետի կարծիքը, որը չեմ կարծում, որ միշտ կարող է իրավացի կամ ճշմարիտ լինել: Եթե չեմ սխալվում Ռաֆիկ Պետրոսյանը սահմանադրական իրավունքի մասնագետ չէ եւ թողենք համապատասխան պետական մարմիններին մեկնաբանելու»:
Այսօր ՀԱԿ-ի հանրահավաքն է, եւ Բագրատ Ասատրյանը Արտակ Դավթյանին զգուշացրեց, որ իրենք` ընդդիմադիրները հազիվ, մի կերպ են պահում ժողովրդին, որ չդիմեն հակասահմանադրական քայլերի. «Հասարակության մեջ այսօր քչերն են հավատում, որ օրինական ճանապարհով կարելի է բանի հասնել: Հայ հասարակության մեջ գերիշխողն այն է, որ պետք է խփել, ջարդել եւ միայն այդ միջոցով հնարավոր է փոփոխություն: Եկեք գիտակցեք, սրա պատասխանատուն իշխանությունն է: Չեմ կարծում, որ այս անգամ իշխանությունները գնան «Մարտի 1» կազմակերպելու»: Հարցին, եթե ընտրությունները նորից կեղծվեն` ի՞նչ է անելու ժողովուրդը` պարոն Ասատրյանը պատասխանեց. «Պետք է կանգնի ու ասի` այս անգամ չի անցնելու, պիտի բերես արդյունքները տաս»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































