Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ հասարակության մեջ գերիշխողն այն է, որ պետք է խփել, ջարդել եւ միայն այդ միջոցով հնարավոր է փոփոխություն»

Մարտ 01,2012 17:26

Այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի գալուց առաջ ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը, ըստ իր խոստովանության, մտածել է, որ գա, լրագրողների գարնան առաջին օրը սրտանց շնորհավորի, որ «ժպիտ բերի», բայց հիշել է, որ մեր օրացույցում արդեն Մարտի 1-ը տոն չէ, իշխանությունները սեւ բերեցին մեր գլխին ու «մեր օրացույցում խայտառակ սեւ օր մտցրեցին»: Ըստ պարոն Ասատրյանի, արդեն 4 տարի է անցել եւ որեւէ մեկը, բացի ընդդիմադիրներից, չի պատժվել այդ օրվա համար. «Մարդիկ են սպանվել, պետք է մեկին գնահատական տրվեր: Հիշո՞ւմ եք, ինչ լկտիության մթնոլորտում էր այս ամեն ինչը եղել: Հայտնաբերված զենքերը…թփի տակ զենք էին գտնում, մեքենա հայտնաբերեցին, մեջը բոմբեր, բոլորս էլ գիտենք, որ դա շինծու է եղել, այդ ամեն ինչը կազմակերպել էին: Հրահանգը եղել է, բոլորս էլ գիտենք, մի կետից: Սպանելու հրահանգ էլ է եղել»:

Բագրատ Ասատրյանը համոզված է, որ այսօր առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծով իշխանությունն ուզում է օրինական դարձնել հնարավոր «Մարտի 1»-երի նույն գործողությունները:

Նրա ընդդիմախոսը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն էր: Լրագրողները հիշեցրին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի «դեմ» տեսակետը օրինագծի մասին, ինչին ի պատասխան` պարոն Դավթյանն ասաց. «Ռաֆիկ Պետրոսյանը մեկ անգամ չէ, որ բոլորովին այլ կարծիք է արտահայտում, եկեք հարգենք նրա կարծիք արտահայտելու իրավունքը, դա նրա կարծիքն է, իրավաբան մասնագետի կարծիքը, որը չեմ կարծում, որ միշտ կարող է իրավացի կամ ճշմարիտ լինել: Եթե չեմ սխալվում Ռաֆիկ Պետրոսյանը սահմանադրական իրավունքի մասնագետ չէ եւ թողենք համապատասխան պետական մարմիններին մեկնաբանելու»:

Այսօր ՀԱԿ-ի հանրահավաքն է, եւ Բագրատ Ասատրյանը Արտակ Դավթյանին զգուշացրեց, որ իրենք` ընդդիմադիրները հազիվ, մի կերպ են պահում ժողովրդին, որ չդիմեն հակասահմանադրական քայլերի. «Հասարակության մեջ այսօր քչերն են հավատում, որ օրինական ճանապարհով կարելի է բանի հասնել: Հայ հասարակության մեջ գերիշխողն այն է, որ պետք է խփել, ջարդել եւ միայն այդ միջոցով հնարավոր է փոփոխություն: Եկեք գիտակցեք, սրա պատասխանատուն իշխանությունն է: Չեմ կարծում, որ այս անգամ իշխանությունները գնան «Մարտի 1» կազմակերպելու»: Հարցին, եթե ընտրությունները նորից կեղծվեն` ի՞նչ է անելու ժողովուրդը` պարոն Ասատրյանը պատասխանեց. «Պետք է կանգնի ու ասի` այս անգամ չի անցնելու, պիտի բերես արդյունքները տաս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031