Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չեն օգտագործում ընտրարշավը

Մարտ 03,2012 10:15

Դատելով նախնական տվյալներից, այս անգամ նույնպես մեծամասնական ընտրատարածքներում հիմնականում առաջադրվելու են կա՛մ առաջատար կուսակցությունների ներկայացուցիչները, կա՛մ մեծահարուստները։
Անկեղծ ասած, ափսոս, քանզի ոչ այնքան հայտնի կուսակցությունները կրկին բաց են թողնում ընտրարշավը սեփական քարոզչությանը ծառայեցնելու հնարավորությունը։
Պետք է տարբերակել բուն ընտրական քարոզչությանը, որը թեկնածուն ծավալում է ընտրված լինելու նպատակով, եւ կուսակցության քարոզչությունը ընտրարշավի ընթացքում, որն ուղղված է սեփական գաղափարախոսության տարածմանը, իր ազդեցության աճին, շարքերի բազմապատկմանը։ Այստեղ տեղի է ունենում կուսակցությունների էության եւ դերի փոփոխությունը արտացոլող հետաքրքիր էվոլյուցիա։
Առաջին կուսակցությունները զուտ ընտրական կազմակերպություններ էին, որոնց հիմնական գործառույթը իրենց թեկնածուների հաջողության ապահովումն էր. ընտրությունները նպատակ էին, կուսակցությունները՝ միջոց։
Այնուհետ բուն կուսակցության գործառույթների զարգացումը՝ որպես քաղաքական կյանքի վրա անմիջականորեն ազդելու ունակ կազմակերպության, հանգեցրեց նրան, որ ընտրությունները սկսեցին օգտագործել արդեն կուսակցության քարոզչության նպատակով։
Ընտրարշավը ընձեռում է հասարակական կարծիքի վրա ազդեցության բացառիկ միջոցներ։ Որոշ երկրներում թեկնածուներն ունեն ժողովների համար անվճար դահլիճներ ստանալու, պետական ծառայությունների կողմից իրենց ծրագրերի տպագրման եւ տարածման, ազգային ռադիոհեռարձակման, գովազդային վահանակների օգտագործման ու այլեւայլ իրավունքներ։
Մյուս կողմից՝ հասարակությունն այդ ժամանակ առանձնակի ընկալունակ է լինում քաղաքականության նկատմամբ. հողը, առավել քան երբեւէ, նախապատրաստված է, որպեսզի ակտիվացվի «կուսակցականության վիրուսի» ագրեսիվությունը։
Զբաղվելով իր թեկնածուի նախընտրական քարոզչությամբ` կուսակցությունն այդ կերպ աստիճանաբար ծավալում է նաեւ բուն կուսակցական քարոզչություն։ Ինչ-որ սահմանագծից անդին նախնական իրավիճակը շրջվում է գլխիվայր. ընտրություններում հաջողության ապահովման համար կուսակցություններն օգտագործելու փոխարեն, օգտագործում են ընտրությունները, որպեսզի ապահովեն կուսակցությունների աճը։ Կուսակցությունը դառնում է նպատակ, իսկ ընտրությունները՝ միջոց։
Այդ մետամորֆոզն արտահայտվում է թեկնածուների քանակի աճով եւ նրանց էության փոփոխմամբ։ XIX դարում կուսակցությունները Եվրոպայում թեկնածուներ չէին առաջադրում այն ընտրատարածքներում, որտեղ իրենք ոչ մի հնարավորություն չունեին, իսկ այսօր դա սովորական երեւույթ է։ Ընտրարշավն այդպիսով ստանում է գովազդային բնույթ. խոսքը ոչ թե ընտրված լինելու, այլ կուսակցությունը հասարակությանը ճանաչելի դարձնելու մասին է։
Մենք այսօր փաստորեն XIX դարի Եվրոպայի մակարդակին ենք։ Մեծամասնական ընտրատարածքներում կուսակցությունները պատրաստվում են առաջադրել միայն այն թեկնածուներին, որոնք հաղթանակի հնարավորություններ ունեն։ Կամ էլ թեկնածուներն առաջադրվում են մրցակիցների հետ հետագա սակարկման համար. ե՛ւ դու, ե՛ւ ես թեկնածուներ ունենք 1, 2, 3 ընտրատարածքներում, բայց ես կարող եմ հանել իմոնց 1 եւ 2 ընտրատարածքներից, եթե դու հանես քոնին 3-ից։
Մինչդեռ ոչ այնքան հայտնի կուսակցությունները կարող էին առաջադրել իրենց թեկնածուներին մի շարք ընտրատարածքներում. ոչ հաղթանակի համար, իհարկե, այլ կուսակցական քարոզչության նպատակով, հասարակությանը ներկայանալու համար։ Չեն բավականացնում ո՛չ մարդկային, ո՛չ նյութական ռեսուրսնե՞րը։ Բայց, ներեցեք, այդ դեպքում ինչո՞ւ էիք ընդհանրապես կուսակցություն ստեղծում։ Կուսակցապետ դառնալու համա՞ր։
Իսկ ինչո՞ւ պիտի ձեր քաղաքական հավակնությունների համար վճարեն հարկատուները։ Ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, եթե խոսքը վերաբերեր ձեր առողջությանը։ Այդ դեպքում վճարել հարկատուները համաձայն են։
Օրինակ, օրերս բարեհաջող ավարտվեց հոլանդացի Կլաաս Բրյունի պատմությունը, որը յոթ տարի շարունակ բժիշկների օգնությամբ ապացուցում էր իր կառավարությանը, որ մարմնավաճառներին այցելելուց հետո իր վիճակը լավանում է եւ ավելի քիչ դեղամիջոցներ են պահանջվում։ Իսկ հոլանդական օրենսդրությամբ, երկրի բյուջեն է հոգում նախկին պետծառայողների առողջության պահպանման հետ կապված ծախսերը։ Արդյունքում պետությունը (այսինքն՝ հարկատուները), փոխհատուցեցին Բրյումին մարմնավաճառների վարձատրության նրա բոլոր ծախսերը։
Սակայն մեր դեպքում խոսքը քաղաքական հավակնությունների բավարարման մասին է, իսկ դրա համար վճարել ոչ մի հարկատու ոչ մի երկրում չի համաձայնի։
Ինչեւէ, ընտրարշավը լավագույն ժամանակն է, որպեսզի ոչ այնքան հայտնի կուսակցությունները հայտարարեն իրենց մասին։ Այնպես որ՝ նրանց անհրաժեշտ է մասնակցել ընտրություններին ե՛ւ համամասնական, ե՛ւ մեծամասնական ընտրակարգերով ու ակտիվորեն զբաղվել քարոզչությամբ։
Իսկ ի՞նչ բան է քարոզչությունը։ Կոպիտ ասած, այն կարելի է բնորոշել որպես տեղեկատվության այնպիսի մատուցում, որը ներառում է ոչ միայն փաստացի բովանդակություն, այլեւ այդ բովանդակության գաղափարախոսական գնահատական։ Քարոզչության համար պարտադիր չէ կեղծել կամ խեղաթյուրել փաստերը. կարեւորը քաղաքական արտաբերությունն է։
Եվ ահա հենց դա էլ մենք ակնկալում ենք կուսակցություններից:

«Հայոց աշխարհի» ընտրական տեխնոլոգիաների բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031