
Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հրապարակումներին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց. «Մամուլի հրապարակումները որեւէ աղերս չունեն իրականության հետ նախ այն պատճառով, որ «Ժառանգությունում» դեռեւս չեն սկսվել նախընտրական ցուցակի հետ կապված քննարկումները, եւ առավել եւս այդպիսի քննարկումներ տեղի չեն ունեցել նաեւ «Ազատ դեմոկրատների» հետ, որքան էլ մամուլը հետեւողականորեն փորձում է այդպես ներկայացնել: Չկան ո՛չ այդ ցուցակի կազմման սկզբունք, ո՛չ նախագիծ կամ անգամ չափորոշիչներ: Կարծում եմ՝ մեր կուսակցության համագումարի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե սա առաջին քայլն է ընտրություններին «Ժառանգության» մասնակցության քննարկման ուղղությամբ՝ հավատացեք, ամբողջությամբ իրականություն է: Այսինքն, ընդամենն արված է առաջին քայլը, որն ուղղված է քաղաքացիական եւ քաղաքական դաշտում լայն համերաշխություն ձեւավորելուն, եւ, իհարկե, ունենալով այդ հեռահար նպատակն ու ցանկությունը մեր կուսակցությունը, ինչպես նախկինում, այս անգամ էլ թեեւ պատրաստ է ընտրություններին ինքնուրույն մասնակցության, բայց որեւէ բան ո՛չ այդ ինքնուրույն մասնակցության, ո՛չ համատեղ մասնակցության հետ կապված՝ քննարկված չէ: Եթե այլ խնդիրների առնչությամբ մասնավորապես ազատ դեմոկրատների հետ հանդիպումներ, խորհրդակցություններ եղել են, ապա նախընտրական դաշինքի ու առավել եւս ցուցակի հետ կապված քննարկում երբեք չի եղել, հետեւաբար՝ իրականությանը չեն համապատասխանում նաեւ մամուլում այդ առնչությամբ, առավել եւս համաձայնություն լինել-չլինելու վերաբերյալ մամուլում տեղ գտած տեղեկություները»:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Կարդացեք նաև


















































