
Լրագրողները հետաքրքրվեցին պարոն Սուքիասյանի նոր բիզնեսից` ռեհան եւ մասուր արտահանումից. «Գիտե՞ք դա ոնց է եղել, քանի որ Եվրոպա շատ եմ գնում–գալիս, շատ ընկերներ ունեմ, ասացինք, որ Հայաստանում ավելի որակով արտադրանք կա, նրանք կապվեցին այն ընկերության հետ, որը արտադրում էր: Այո, խորհուրդներ տալ պետք էր, որ արտաքին տեսքն ինչպիսին պետք է լինի, փաթեթավորումը: Եվ հաջողություններ այդտեղ կան: Ես դրա հետ կապ չունեմ, պարզ է՝ կկապեն, այդ գործարանը մեր ընտանիքի սեփականություններից մեկն է»:
Հարցին` ի՞նչ կարծիքի եք գործարարների ԱԺ մտնելու մասին` պարոն Սուքիասյանը պատասխանեց, որ շատ դրական. «Կուզենամ, որ տեղեկացված լինենք, թե այսօր ինչ մարտահրավերներ կան` ճգնաժամի արդյունքում, եւ ես կարծում եմ՝ իրապես տնտեսական գործիչների հայտնվելը ԱԺ–ում միմիայն դրական է: Ցանկալի կլինի, որ տնտեսվարողների մեջից ավելի գրագետները հայտնվեն, միանշանակ պետք է, որ տնտեսությունը պատկերացնող մարդիկ լինեն: 10 տարվա փորձը ցույց տվեց, որ մենք խնդիրներ ենք ունեցել, որ ճիշտ ժամանակին ճիշտ որոշումներ չի կայացվել: 20 տարվա մեջ ոչ մի անգամ մենք կտրուկ թռիչքներ չենք ունեցել տնտեսության որեւէ ճյուղում»:
Այս ընթացքում, ինչ Խաչատուր Սուքիասյանը վայր դրեց իր պատգամավորական մանդատը, լուրջ ուսումնասիրություններ է կատարել ու պարզել, թե ինչը կարող է փրկել մեր տնտեսությունը. «Ես պարզեցի, որ հարկային փաթեթի եւ այլ փոփոխությունները կոսմետիկ բնույթ են կրել: Հենց ԱԺ մտնեմ, պետք է սկսվի մի գործընթաց, որ ամբողջ հարկային փաթեթը մի կողմ դրվի եւ նոր փաթեթ գրվի, որովհետեւ այնտեղ տողատակեր կան, երկիմաստ կետեր` մեկը մյուսին հակասող: Կա ոլորտ, ես ամեն ինչ անելու եմ, որ այդ ոլորտում լինի զրոյական հարկում եւ դրանով ամեն ինչ անելու եմ, որ մնացած ոլորտները զարգանան: Նկատի ունեմ առեւտուրը, ուսումնասիրել եմ մինչեւ անգամ, թե մաքսայինում դրանք ինչ կոդերի տակ են եւ հասկացել, թե բյուջեի վրա դա ինչքան կնստի: Հնարավոր է՝ բյուջեն թեկուզ 200-300 մլն դրամ ցածր լինի, բայց մենք նպաստենք տնտեսության զարգացմանը եւ ինչ–որ ժամանակ հետո այդ 300-ից ավելի հավաքենք»:
Կարդացեք նաև
Վերջում պարոն Սուքիասյանը, անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերին, նշեց, որ իր անձի համար դրական է գնահատում այդ դեպքերը. «Ես պետք է ինչ–որ մի այդպիսի ճանապարհ անցնեի, այդ դժվարությունները տեսնեի: Հնարավոր է՝ ես ավելի հմուտ մեկը դարձա, ավելի լավ սկսեցի պատկերացնել սխալները, որոնք որ կան, հիմա ավելի հաճույքով եմ պատրաստ փոփոխություններ անել Հայաստանում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































