
Aravot.am-ը «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արամ Ապատյանից հետաքրքրվեց` ի՞նչ արձագանքներ են ստացվել եւ հատկապես` ո՞ր կուսակցություններից:
«Մեր առաջարկի հետ կապված համարյա բոլոր կուսակցություններից ստացել ենք պատասխաններ եւ կայացել են հանդիպումներ: Տարբեր կուսակցությունների հետ այս գործընթացը տարբեր փուլերում է գտնվում: Այս պահին արդյունքներից գոհ ենք»,- նշեց պարոն Ապատյանը: Նա հավելեց, որ, օրինակ, ՀՅԴ-ն ամբողջությամբ է ընդունել իրենց առաջարկները եւ համաձայնել դրանք զետեղել նախընտրական ծրագրում: Կուսակցությունը հետաքրքրություն է ցուցաբերել մասնավորապես «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության առաջարկի այն կետերին, որոնք վերաբերում են միջազգային ծրագերին եւ Հայաստանում վաճառվող համակարգիչներում հայերեն օպերացիոն համակարգերի ու ստեղնաշարերի, բջջային հեռախոսների մեջ հայերեն հրամանացանկերի տեղադրման, հայկական տառերը տեսնելու եւ հայոց այբուբենով գրելու հնարավորությանը:
«Ժառանգությունում» եւս հայտնեցին, որ մեր առաջարկներն ընդունելի են եւ տեղ կգտնեն իրենց ծրագրում: Մենք հանդիպեցինք ՀՀԿ-ի հետ, ներկայացրինք մեր առաջարկները, խոստացան ուսումնասիրելուց հետո պատասխանել: Այս պահին որեւէ պատասխան չունենք ՕԵԿ-ից: Դրական հանդիպում ենք ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Ցավոք, ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրն արդեն տպագրման փուլում է, բայց մեզ խոստացել, են, որ առաջարկները սեպտեմբերին կներկայացվեն նորընտիր Ազգային ժողովի ուշադրությանը: Այսօր արձագանք ենք ստացել «Ազատ դեմոկրատներից». իրենք եւս համաձայն են բոլոր կետերի հետ, մոտակա օրերին էլ հայտարարություն են պատրաստում: Նախնական դրական արձագանք կա նաեւ ՀԱԿ-ից, հույս ունենք հանդիպում եւս կկայանա»,-նշեց Արամ Ապատյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































