
Մոտ 1,5 ամիս առաջ՝ հունվարին, Կարինե Հակոբյանն ասուլիսում հայտարարել էր, որ ԿԸՀ-ն չպետք է ընդունի ԲՀԿ հայտը, որից հետո կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հերքման տեքստ էր ուղարկել: Դա, ըստ Կարինե Հակոբյանի, տարաձայնություններից մեկն է. «Այդպիսի հերքման տեքստ տալու առիթը չկար: Կոնտեքստից հանված մի նախադասություն էր: Ես նախագահին էի քննադատել եւ ասել էի՝ նախագահի խոսքը եւ գործը չեն համապատասխանում: Եթե նա ասում է՝ գործարարներ պիտի չլինեն, դե թող չլինեն»:
Մինչ «Ժառանգության» պաշտոնական ցուցակը հայտնի կդառնար, hayeli.am կայքում արդեն հրապարակվել էր ցուցակը եւ այն դժգոհությունները, որ եղել են վարչության նիստի ժամանակ: Մեր հարցին՝ այդ ինֆորմացիայի հետեւում դո՞ւք եք կանգնած՝ հերքեց. «Ինձ որ զանգահարեցին, ես ինքս զարմացա, ասեցի՝ որտեղի՞ց եք տեղեկացել»:
Վերջում մենք հետաքրքրվեցինք՝ «Ժառանգության» եւ Ձեր հարաբերությունները վերջնականապես փչացե՞լ են, թե՞ դեռ կամուրջ կա, Կարինե Հակոբյանը պատասխանեց. «Ես լավով եմ բաժանվում: Բացարձակ մեր հարաբերությունները չեն փչացել: Ես բաժանվում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին հարգելով, մենք շատ մտերիմ ենք ընտանիքներով»: Մեր հարցին՝ այդ դեպքում չե՞ք փորձել մինչ ասուլիսի գալը խոսել պարոն Հովհաննիսյանի հետ, դժգոհությունները նրան հայտնել՝ նա պատասխանեց. «Փորձել եմ: Իմ հեռանալու պատճառներից մեկն այն է, որ ես զգացի, որ չեմ կարողանում իմ դիրքորոշումը պնդել: Ինձ համար, իմ կյանքում Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն փակ դուռ էր»:
Կարդացեք նաև
Իսկ թե «Ժառանգության» ցուցակում որ տեղն է սպասել իր համար տիկին Հակոբյանը՝ նա կոնկրետ չնշեց՝ ասելով, որ «Կհավատա՞ք, կոնկրետ տեղ չեմ մտածել, ուղղակի բնական տրամաբանական ներկայություն այն մարդկանց, ովքեր կուսակցությունը ներկայացրել են այսքան ժամանակ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































