
Նաեւ կոչ արեց. «Ժամը հնչել է, նրանք ովքեր իրենց համարում են ընդդիմադիր՝ կուսակցություններ, դաշինք, ինքնաառաջադրվածներ, նստեն մեծ սեղանի շուրջ՝ քանի ուշ չէ, եւ ողջամիտ, շրջահայաց եղանակով այնպես անեն, որ յուրաքանչյուր ընտրատարածքում մնա միայն մեկ ընդդիմադիր թեկնածու: Սա պետք է լինի հետեւողական, համապարփակ եւ ոչ քննադատական քննարկման միջոցով»:
Ավելի ուշ հնչած հարցին՝ այսինքն, եթե բանակցություններ լինեն, եւ ամեն ընտրատարածքում մեկ ընդդիմադիր թեկնածու մնա, դուք պատրա՞ստ եք հանել ձեր թեկնածությունը՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ինչպես միշտ»:
Նկատենք, որ, ի տարբերություն ՀԱԿ-ի, որը բացի երեք ընտրատեղամասից, մնացած բոլոր տեղամասերում թեկնածուներ է դրել, «Ժառանգությունը» մեծամասնական կարգով թեկնածուներ է առաջադրել թիվ 1-ում՝ Ստյոպա Սաֆարյան (այստեղ ՀԱԿ-ն առաջադրել է Գայանե Առուստամյանին), թիվ 4-ում՝ Զարուհի Փոստանջյան (ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն է), թիվ 6-ում՝ Արմեն Մարտիրոսյան (ՀԱԿ-ից՝ Ավետ Պողոսյան), թիվ 9-ում՝ Ռուբիկ Հակոբյան (ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյան), թիվ 12-ում՝ Անահիտ Բախշյան (ՀԱԿ-ից՝ Տիգրան Տեր-Պետրոսյան), եւ եւս երկու ընտրատարածքներում:
Կարդացեք նաև
Երբ կասկած հայտնվեց, որ, որքան էլ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Նիկոլ Փաշինյանը պայքարեն, միեւնույն է՝ Սամվել Ալեքսանյանն է հաղթելու, պարոն Հովհաննիսյանը չկարողացավ զսպել տարակուսանքը. «Ինչպես ենք պատկերացնում, որ ժողովուրդը դուրս կգա ճակատագրապաշտության ճիրաններից, եթե դուք՝ լրագրողներդ, որ գիտակից հասարակության մաս եք, կարծում եք, որ դա կատարված փաստ է արդեն: Ես մերժում եմ դա, որքան էլ գիտակցում եմ, որ դա ունի գիտակցական հենք: Ես ընտրեցի այն տարածքը, որտեղ իմ կարծիքով, այդ ճակատագրապաշտությունն առավել ցայտուն է, ռիսկային է, եւ այդ տեսակետից հարգում եմ նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն էլ է դրել այդ ընտրատարածքում»:
Այնուամենայնիվ՝ չգիտե՞ր պարոն Հովհաննիսյանն այն մասին, որ թիվ 7 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանն էլ է առաջադրվել: Պարզվում է, որ չգիտեր. «Երեկ առավոտ զարթնեցի գրասենյակում, համացանցում կարդացի այդ գրազի մասին նախադասությունը, այն, որ անայլընտրանք տարածքի վտանգ կա, եւ ուզեցի առաջադրվել այնտեղ, այնպես անել, որ վերջապես գործարարը զբաղվի գործարարությամբ, հարկատուն՝ հարկատվությամբ եւ քաղաքական գործիչը՝ քաղաքականությամբ»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ


















































