Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ–ում ՉԺՀ դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չժաո Մինվենի հետ: Բարձր գնահատելով հայ-չինական հարաբերությունները՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանը և չին ժողովրդին՝ 249 ավտոբուսների նվիրատվության և աջակցության ծրագրի համար, նշելով, որ այն էապես կնպաստի Երևան քաղաքի տրանսպորտի համակարգի բարելավմանը:

Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ–ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չժաո Մինվենը ստորագրել են ՉԺՀ-ի կառավարության դրամաշնորհներով Երևան համայնքին նվիրաբերած 249 ավտոբուսների հանձնման-ընդունման ակտը:
Ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետը մասնավորապես նշել է. «Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ՀՀ նախագահին, ում աջակցությամբ մենք կարողացանք ՉԺՀ-ի կառավարության դրամաշնորհով 249 ավտոբուսներ ներկրել Երևան համայնքի համար:
Արդեն մշակել ենք տրանսպորտի ոլորտի զարգացման նոր հայեցակարգ, որը փուլ առ փուլ իրականություն ենք դարձնում. մեր հիմնական նպատակն է միկրոավտոբուսներից անցնել ավտոբուսների: Մինչև տարեվերջ երթուղի են մտնելու ևս 250 նոր ավտոբուսներ: Մշակել ենք նոր երթուղային ցանց՝ հաշվի առելով նաև քաղաքացիների դժգոհություններն ու բողոքները: Համայքի կողմից սպասարկվող ավտոբուսներում կկիրառվեն նոր տեխնոլոգիաներ. նոր ավտոբուսներում տեղադրված են GPS սարքեր, որոնցով հնարավոր է արդյունավետորեն վերահսկել ամբողջ տրասպորտի համակարգը, ինչպես նաև դրանց միջոցով ու կանգառասրահներում տեղադրվող վահանակների միջոցով ուղևորները կարող են հետևել համաժամանակյա չվացուցակին, սպասարկող տրանսպորտի հաճախման ինտերվալներին: Նոր ավտոբուսներում նաև շարժական կապի WiFi համակարգ է լինելու»:
Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ մինչև տարեվերջ նոր ավտոբուսներից որոշները կկահավորվեն սայլակներով տեղաշարժվող ուղևորների ելումուտը ապահովող հատուկ սարքավորումներով:
Քաղաքապետարանի նախաձեռնությամբ մարտի 24-ին երթուղի դուրս եկած նոր ավտոբուսները ուղևորներին կսպասարկեն անվճար:
Երևանի քաղաքապետերանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապրի վարչություն



















































