
Ինչեւէ, մոտ երկու տարի առաջ խոսվում էր, որ այդ շենքը պատրաստվում է գնել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը՝ 450 միլիոն ԱՄՆ դոլարով։ Որոշ ժամանակ անց, սակայն, պարզվեց, որ նրան առաջարկվել է մեկ այլ տարբերակ՝ Հրապարակի մետրոյի տարածքը, որտեղ վերջինս ցանկանում էր նոր հյուրանոց կառուցել։ Սակայն ի բարեբախտություն մայրաքաղաքի, եղբոր հրաժարականի պատճառով Կարապետյանի ֊հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ լարվեցին, եւ հյուրանոցի կառուցման գաղափարն անորոշ ժամանակով հետաձգվեց։ Հետո ասվեց, որ արտգործնախարարության շենքը անցնելու է արդարադատության նախարարության նախկին՝ հրդեհված (ի դեպ, բավականին խորհրդավոր ձեւով) շենքի տեղում կառավարական նոր մասնաշենքը կառուցող ռուսական մի ընկերության։ Հիմա էլ շրջանառվում է ինչ-որ անհայտ հյուրանոցային ցանցի անուն։ Սակայն այստեղ կարետր չէ, թե ով կգնի շենքը, կարեւորն այն է, որ այս իշխանություններն արդեն իսկ կայացրել են շենքը վաճառելու որոշումը՝ դրա մասին ասված է կառավարության վերջերս ընդունած որոշման մեջ, ըստ որի՝ ՀՀ արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ էներգետիկայի նախարարությունների համար նոր շենք է կառուցվելու արդարադատության նախարարության նախկին շենքի տեղում։ Ասել է թե՝ արտգործնախարարության ներկայիս շենքի օտարումը ընդամենը ժամանակի հարց է։ Ու փաստորեն, ստացվում է, որ այս իշխանությունները վաճառում են այն, ինչ դեռ հնարավոր է վաճառել. բոլորովին վերջերս կառավարության N2 մասնաշենքը վաճառվեց պարսկական «Մելլաթ» բանկին, մինչ այդ վաճառվեցին առողջապահության, մշակույթի, սոցապ, գյուղատնտեսության, կրթության եւ գիտության նախարարությունների շենքերը։ Թե դրանից ինչ շահեց պետությունը՝ հայտնի չէ, իսկ թե ինչ շահեցին այդգործարքի հետեւում կանգնած կոնկրետ մարդիկ, ակնհայտ է. բավական է անցնել այդ շենքերի մոտով եւ տեսնել, թե ներկայումս այնտեղ ովքեր եւ ինչ կազմակերպություններ են գործում։ Եվ հիմա էլ բան չի մնացել վաճառելու, հասել են Հանրապետության հրապարակի շենքերին։
«Ժողովուրդ»


















































