
Հանրապետական կուսակցության խոսնակները այսօր բացահայտ հայտարարում են, որ համամասնական ընտրակարգում ակնկալում են 37-40 տոկոս ձայն, եւ եթե սրան գումարենք նաեւ մեծամասնական ընտրատարածքներում ՀՀԿ-ական մոտ առնվազն երկու տասնյակ թեկնածուների՝ օլիգարխների եւ թաղային հեղինակությունների հավանական հաղթանակը, ապա պարզ է դառնում, որ Հանրապետականն առաջիկա խորհրդարանում հավակնում է ճնշող մեծամասնության:
Եվ ահա այս պայմաններում երկու ընդդիմադիր ուժերի փոխադարձ հայհոյանքներն ու մեղադրանքները, ըստ էության, առոչինչ են դարձնում ընդդիմադիր դաշտում կատարվող որեւէ այլ բան` լինի դա հանրահավաք, որեւէ այլ ակցիա, թե հայտարարություն կամ հռչակագիր: Ընդդիմությունն այսօր մասնատված է, մինչդեռ հենց այսօր այն պետք է լիներ համակարգված ինչպես երբեք, օգտվելու համար այն լուրջ մրցակցությունից, որ իշխանության ներսում է առկա տարբեր խմբերի միջեւ: Այն, որ Հանրապետականը այսօր ձգտում է բացարձակ մեծամասնության եւ չի թաքցնում իր այդ հավակնությունները, իրականում է՛լ ավելի է սրում իշխանության ներսում առկա իրավիճակը, մրցակցությունն ու շահերի բախումը: Սակայն ընդդիմությունը չի կարողանում օգտագործել այդ իրավիճակը ի շահ իրեն, որովհետեւ զբաղված է ներընդդիմադիր «ռազբորկաներով»: Ավելին` թերեւս հենց այդ ամենն է Հանրապետականին հիմք տալիս բացահայտորեն եւ առանց անհարմար զգալու հայտարարել, որ հասարակությունը ձայն կտա ՀՀԿ-ին, եւ հնարավոր կլինի այդ բացարձակ մեծամասնությունն ապահովել: Եվ որքան շարունակվում է ընդդիմադիր ուժերի միջեւ անիմաստ լեզվակռիվը, այդքան ավելանում են Հանրապետականի հավակնությունները:
Ի՞նչ է մտածում այս ամենին հետեւող հասարակությունը: Իսկ որեւէ մեկը մտածո՞ւմ է արդյոք, թե ինչ է մտածում հասարակությունը: Հազիվ թե: Բոլորը միայն խոսում են հասարակության անունից, իրականում չմտածելով հասարակության մասին: Այլապես նախընտրական քարոզարշավի մեկնարկից մոտ մեկ շաբաթ առաջ մենք չէինք ունենա այն պատկերը, ինչ կա այժմ: Դեռ ժամանակ կա այդ պատկերը փոխելու համար, եւ այն փոխելու բանալին ընդդիմադիր ուժերի ձեռքում է: Եվ այսօր, թերեւս, մասնավորապես Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ամենակարեւոր մեսիջը կամ ամենասպասվող մեսիջը լինելու է հենց այդ՝ պատրա՞ստ է արդյոք Կոնգրեսը անել իրավիճակը փոխելու հարցում իրենից հասանելիքը:
Հանրությանն իրենց հստակ եւ անշրջելի մեսիջները պետք է հաղորդեն նաեւ Ժառանգությունն ու Դաշնակցությունը, որոնք եւս հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից: Սակայն միարժեք է մի բան. ընդդիմադիր դաշտը իսկապես շատ ժամանակ է բաց թողել, եւ այսօր անգամ ամենահամարժեք մեսիջների պարագայում, թերեւս, ժամանակը չի բավականացնելու նրանցից որեւէ մեկին այնպիսի հասարակական մոբիլիզացիա ապահովել, որ հնարավոր լինի դիմագրավել իշխանական մեքենային, որն արդեն թափ է հավաքել եւ գլորվում է դեպի վերարտադրություն: Այժմ արդեն ընդդիմադիր ուժերն այն կանգնեցնելու այլ ելք չունեն, քան միավորումը որեւէ ֆորմատով եւ որեւէ հրատապ նպատակի շուրջ:
Կարդացեք նաև
«Ժամանակ»


















































